Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխայի հոգեկան վիճակը կարող է պայմանավորված լինել դայակի ընտրությունից

Փետրվար 23,2012 16:35

Երեխայի կյանքում ճակատագրական նշանակություն ունի դայակի ընտրությունը: Հոգեբան  Անահիտ Գալստյանն ասում է.  «Յուրաքանչյուր  ծնողի  համար շատ  կարևոր և պատասախանատու  քայլ  է դայակի ընտրությունը,  քանի  որ  ծնողը  նրա  դաստիարակությանը և խնամքին  է վստահում  իր երեխային, ով  այդ  ընտանիքի համար  մի  ամբողջ  աշխարհ  է, ում երջանկությունից  կախված  է  նաև  այդ ընտանիքի  երջանկությունը»:

Հոգեբանի   խոսքով ՝ հայ  ծնողները  այնքան  էլ  ուշադիր և  քմահաճ  չեն  դայակի  ընտրության հարցում. «Շատ  հայ  ծնողներ  դայակ են ընտրում  ծանոթների,  բարեկամների  խորհրդով, առանց  ուշադրություն  դարձնելու, թե արդյոք այդ անձը ունի դայակին բնորոշ գծեր: Իսկ ներկա  ժամանակում, ով աշխատանք չի գտնում, գործազուրկ է, որոշում է դայակ աշխատել»,- ասում է Անահիտ Գալստյանը:

Նրա հավաստմամբ՝  դայակ ընտրելիս այս խնդիրն էլ պետք է հաշվի առնել, քանի որ  իր  մասնագիտական   աշխատանքից  զրկված  անձը, ով դայակ  է աշխատում  զուտ  ապրուստի միջոց հայթհայթելու համար, դառնում է ագրեսիվ, արագ բորբոքվում է, ջղայնանում, ինչը բնականաբար անդրադառնում է երեխայի հոգեբանությանը:

32-ամյա  Մարինան  արդեն մեկ տարի է, ինչ  իր մեկամյա երեխայի խնամքը վստահել է դայակի: «Ես  շատ գոհ  եմ  իմ  երեխայի դայակից, մանկավարժական կրթություն ունեցող 50-ամյա կին է,  մեր տան  հարևանությամբ  էր  ապրում,  գործազուրկ  էր,  ես  էլ ընտրեցի դայակ: Ինձ  համար շատ  կարևոր է,  որ  նա  կիրթ և խելացի  կին  է»:

10-ամյա  Գոռն  էլ չի  մոռացել իր դայակին, բայց ամեն անգամ հիշելիս  երեխան վախ է զգում. «Ես 5  տարեկան  էի և մանկապարտեզ  էի  գնում, իմ դայակը՝ ընկեր Աստղիկը, գալիս  էր ինձ մանկապարտեզից տուն տանելու: Նա  ինձ ստիպում  էր,  որ  ուղիղ  ճանապարհիս նայելով  տուն գնամ: Եթե  ճանապարհին  ուզում էի  ընկերներիս  հետ  խաղալով   կամ միասին  վազելով  գնայինք, ծեծում էր»,- ասում է նա:

 

«Ճի՞շտ  է արդյոք  դայակ վարձելը» հարցին հոգեբանը  պատասխանում է. «Միանշանակ  չեմ  կարող ասել,  քանի  որ  կան  ծնողներ,  ովքեր  աշխատանքի  կամ այլ  պատճառներով պարզապես  ստիպված  են  դիմել դայակի  օգնությանը:  Իսկ  այն,  որ պետք  է շատ  ուշադիր  լինել մանավանդ 1-3 տարեկան երխաների  համար  դայակ ընտրելիս,  միանշանակ է:   Այդ  տարիքում երեխան  ունի  անգիտակցական  մանկություն,  հիշողությունները  շատ  աղոտ են  և  կցկտուր,  բայց  այդ  տարիքում  տեղի  ունԵցած  ցանկացած  իրադարձություն  խորը  հետք  է թողնում  երեխայի  հոգեկան  աշխարհում»:

 

Հոգեբանի   խոսքով՝ լավ  դայակը  կարող է նաև  մեծ  դեր  խաղալ երեխայի  կյանքում:   «Եթե  դայակը  կիրթ  է, խելացի  և  լավ  մարդ,  ապա երեխան  շատ  գիտելիքներ,  որը  գուցե չկարողանար  ստանալ  իր իր   ծնողներից, կստանա  դայակից:  Բացի  այդ, դայակը կարող է նպաստել նաև երեխայի  սոցիալիզացիային:  Շփվելով   դայակի  հետ՝  երեխան  աստիճանաբար  սովորում է բացի  իր  ծնողներից շփվել նաև  այլ  մարդկանց  հետ»:

Պարզելու  համար,  թե  ծնողները  դայակ  ընտրելիս  ավելի  շատ  ինչին  են  ուշադրություն դարձնում,  անցկացրինք  փոքրիկ  հարցախույզ:   27-ամյա  Արևիկի  համար  շատ  կարևոր  է  դայակի  մանկավարժական  կրթությունը. «Ես կարծում եմ, որ  եթե դայակը  ունենա  մանկավարժական  կրթություն, ապա  կկարողանա  ճիշտ  վարվել  երեխայի  հետ:   Ինձ  համար  կարևոր  է  նաև  դայակի  տարիքը, եթե  երեխան  շարժուն է, անհանգիստ, բնականաբար, ավելի  հեշտ  կլինի եթե  դայակը  երիտասարդ լինի,  իսկ  եթե տարիքով  կին է՝  արագ  հոգնում է և ակամայից ջաղայնանում  երեխայի վրա»:

 

Բայց  32-ամյա Նարինեն  չի էլ  պատկերացնում, որ  երկրորդ  անգամ դայակ  կվարձի: «Ես  չկարողացա դիմանալ  մայրական խանդին,  ներս  էի  մտնում և տեսնում,  թե  երեխաս  ինչպես  է  իրեն  լավ  զգում  դայակի  գրկում, և  իմ  ներս  մտնելը  ոչ  մի  արձագանք  չի  առաջացնում  նրա  մոտ:  Վախեցա, որ աստիճանաբար  երեխան  ինձանից  ավելի  կհեռանա և  հրաժարվեցի  դայակի ծառայություններից, էլ  երբեք  երեխայիս  խնամքը  դայակի  չեմ  հանձնի»:

 

Այս հարցին  հոգեբան  Անահիտ  Գալստյանը  այսպիսի  բացատրություն է տալիս. «Բնականաբար,  այդ   վախը  բոլոր մայրերի  մոտ  էլ  կա:  Բայց  այդ  բացը   պետք  է լրացնել ամեն  առավոտ  երեխային  արթնացնելով  և երեկոյան  քնեցնելով: Եթե  մայրերը  այս  երկու  քայլերը  անում են  քնքշանքով,  երեխային  սիրելով, ջերմություն  տալով, ապա  երեխան  չի  փորձի  դայակի  մեջ  իր  մայրիկին տեսնել  և  կսպասի, թե երբ  է  մայրը  իրեն  քնեցնելու  կամ  առավոտյան  շորերը հագցնելու»:  Իսկ  բոլոր  ծնողներին,  ովքեր  դայակ են ընտրում, Անահիտ  Գալստյանը  խորհուրդ  է տալիս դիմել  հոգեբանի օգնությանը,  ով  կխոսի  դայակի  հետ, կծանոթանա  նրա բնավորությանը,  մարդկային  տեսակին, կծանոթանա ծնողների պահանջներին և խորհուրդ կտա  կատարել  ճիշտ ընտրություն:

Անի  Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829