Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ տեղափոխման թույլտվություն ստանում են` զինվորը մահանում է» (Տեսանյութ)

Փետրվար 23,2012 16:07

Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնությունը «Մի դակիր, որ չդակվես», «Ոչ բռնություններին եւ սպանություններին բանակում», «Ինքնասպանությունների անարդարադատություն» եւ այլ բովանդակության պաստառներով կառավարության շենքի մոտից երթ էր կազմակերպել մինչեւ ՀՀ նախագահի նստավայր:

Նրանք նաեւ բանակում զինվորների ֆիզիկական եւ հոգեկան բռնությունների մասին թռուցիկներ էին փորձում բաժանել անցորդներին, սակայն վերջիններս հիմնականում չէին վերցնում: Ակտիվիստները դրանից չէին հիասթափվում` ասելով, որ «հայի խասիաթ է՝ մինչեւ իրենց դուռը չի չոքում, չեն խառնվում»:

Նախաձեռնության ակտիվիստները վստահեցնում էին, որ բանակում սպանությունները կոծկվում են, ներկայացվում են որպես ինքնասպանություն, իսկ դատավորներն արդարացի քննության փոխարեն ծառայում են որպես նոտար` միայն կնիք դնելով վերեւների հրահանգի տակ:

Բանակում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս երթով ուզում են Արտակի գործը Իջեւանից բերել Երեւան. «Մենք մի կերպ դատը բերում ենք Երեւան, իրենք կրկին տեղափոխում են Իջեւան, նպատակը միակն է` կոծկել սպանությունը: Սա պատվեր է վերեւից»: Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը մոտ 1 ամիս առաջ ընդունել ու լսել է նրան. «Ասեց՝ տիկին, ինձ 2 օր ժամանակ տվեք: Անցել է 1 ամիս` ոչ մի արձագանք չեղավ: Գործում հստակ երեւում է, որ որդուս սպանել են, իսկ իրենք խուլ են, մունջ են»:

PrevPhoto
NextPhoto

«Բանակն իրականում» խմբի ակտիվիստ Ծովինար Նազարյանի դիտարկմամբ` «Անիմաստ է որեւէ բան ակնկալել դատավորներից, որովհետեւ մեր միջնորդություններն անընդհատ մերժվում են, դատավորը հարում է դատախազին: Այսինքն, հասկանալի է դառնում, որ պետք է ակնկալիքներ ունենալ ոչ թե նրանցից, այլ նրանց ղեկավարից` ՀՀ նախագահից: Արտակ Նազարյանի գործի հետ կապված պահանջում ենք, որ այն բերեն Երեւան, որովհետեւ Իջեւանում ակնհայտորեն ծածկադմփոց է արվում»:

Մեր հարցին, ո՞րն է երաշխիքը, որ Երեւանում դատավարությունն արդար կանցնի, Ծովինար Նազարյանը պատասխանեց. «Այն դատավորն իրեն լրիվ խայտառակել է, ուզում ենք փոխվի դատավորը: Բացի այդ, Երեւանում հանրության ճնշումը մեծ է, եւ նրանց վրա կազդի այդ ճնշումը»:

Այսօր Սովետական բանակի օրն է, եւ նախաձեռնության անդամները նշեցին, որ անկախ օրերից, ձեռքը միշտ պետք է զարկերակի վրա պահենք. «Մենք այս պահին զրուցում ենք եւ չգիտենք, գուցե ՊՆ-ն հերթական հաղորդագրությունն է տարածում` հերթական զոհի մասին»:

Ակտիվիստներն անդրադարձան նաեւ թոքաբորբից մահացած զինվորի վերջին դեպքին. «Պրոֆեսիոնալների հետ խոսելով հասկացանք, որ շատ բարդ ընթացակարգ է նախատեսված` զինվորին հիվանդանոց հասցնելու համար: ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավարությունը պետք է հաստատի, որպեսզի զինվորին տեղափոխեն Երեւանի հոսպիտալ, իսկ մինչեւ այդպիսի թույլտվությունը ստանում են` մարդը մահանում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829