Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարմիր» եւ ներկայիս բանակները. Տարբերությունները եւ բարդությունները

Փետրվար 23,2012 16:11

«Եթե չլիներ բանակը, այն էլ՛ ռուսական, գուցե շատ բան իմ կյանքում  անհաղթահարելի թվար: Բանակը կոփում է մարդուն. շատ դժվարություններ են եղել, միայն այն, որ ծառայում ես օտար հողի վրա ինքնին բարդ է»,-ասում է մասնագիտությամբ ռեժիսոր Արտյոմ Պետրոսյանը, ով շուրջ 30 տարի առաջ ծառայություն էր անցել Ռուսաստանի Կալուգա մարզում:

1918 թվականի փետրվարի 23-ին Վլադիմիր Իլյիչ Լենինի հրամանով ստեղծվեց Կարմիր բանակը։ Խորհրդային Միության ողջ տարածքում տասնյակ տարիներ նախ փետրվարի 23-ը տոնվում էր Կարմիր բանակի հիմնադրման օր, այնուհետեւ խորհրդային բանակի եւ ռազմածովային նավատորմի օր։ Խորհրդային Միության անկումից հետո տոնը ոչ պաշտոնապես նշվում է մի շարք ԱՊՀ երկրներում։

Այսօր որոշ հայ ընտանիքներում դեռեւս շարունակում են փետրվարի 23-ը համարել տոնական օր. «Ես չեմ կարողանում հայրիկիս նվեր մատուցել հունվարի 28-ին եւ նույն հաջողությամբ՝ եղբորս փետրվարի 23-ին: Այդ իսկ պատճառով այս երկու օրերն էլ մեր ընտանիքում տոն է, որոնց դեպքում ընտանեկան փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպվում»,-ասում է 19-ամյա Աստղիկ Ավետիսյանը:

Կինոգետ Յուրա Միքայելյանը մեծ որգեւորվածությամբ էր խոսում իր ծառայության տարիներից. «Հաճախ մտածում եմ, թե երբ էր ծառայությունն ավելի դյուրին՝ Խորհրդային տարիների՞ն, թե՞՝ հիմա: Եթե այն ժամանակ բանակային ընկերներդ տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին եւ շատերի լեզուն անգամ չէիր հասկանում, ապա այսօր նման խնդիր չկա, բայց այժմ բախումներն ավելի շատ են»: Նա ծառայություն է անցել 1981թ-ին Գերմանիայում. «Եթե օտար ազգի ներկայացուցիչներից որեւէ մեկը փորձում էր մեր հայրենակցին ճնշել, մենք հայերով համախմբվում էինք, թեպետ նման դեպքեր քիչ էին գրանցվում, քանի որ գերմանական դիսցիպլինան շատ ուժեղ էր, իսկ այսօր հայն է հայի դեմ դուրս գալիս»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

«Ես ծառայություն եմ անցել ԼՂՀ-ում եւ  հունվարի 28-ը իմ եւ ընկերներիս համար տոն է: Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա կարծում եմ, որ դժվարությունները միշտ էլ եղել են, բայց ի տարբերություն մեր հայրերի, մենք ծառայում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա»,-ասում է 23-ամյա Գրիգոր Հայրապետյանը, հավելելով, որ դժգոհել պետք չի, պարզապես պետք է հարմարվել.«Ո՞վ պետք է սահմանը պահի, եթե ոչ մենք»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829