Փետրվարի 1-ից Նոյեմբերյան քաղաքի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների աշակերտները սկսել են դպրոցական «վերջին զանգի» փորձերը: Փաստորեն տոնական միջոցառումից շուրջ 4 ամիս առաջ, ինչպես թատրոնում, բեմական փորձեր են ընթանում:
Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտները շաբաթական երկու օր հավաքվում են աշակերտներից մեկի ծնողի ղեկավարած հիմնարկի հարկի ներքո եւ «մշակում» մայիսի վերջին կայանալիք հանդեսին ներկայացվելիք երգը, պարը, ասմունքը: Նրանց հետ աշխատում է հատուկ այդ նպատակով վարձված պարուսույց:
Եթե հաշվենք «վերջին զանգից» հետո բացվող տոնական սեղանի, դպրոցի շրջանավարտների ֆոտոալբոմի, ավարտական հանդեսի տեսագրման, միջոցառմանը մասնակցելու համար նոր զգեստ գնելու ծախսերը` ստացվում է մեծ գումար: Սահմանամերձ Նոյեմբերյանի սոցիալապես անապահով շատ ընտանիքների համար իրենց երեխայի «վերջին զանգը» ֆինանսական մեծ բեռ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ