Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունը, որը մեծ շուքով հիմնադրվեց 2011-ի աշնանը, որին անդամակցում են 270-ից ավելի հայաստանյան եւ 70-ից ավելի ռուսաստանյան կազմակերպություններ եւ որը նախագահում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, վերջերս համալրվել է եւս մեկ՝ բավականին էական դիրք եւ նշանակություն ունեցող կազմակերպությամբ՝ ՌԴ երկաթուղայինների արհմիություն արհեստակցական միությամբ:
Աշխարհի ամենամեծ երկաթուղային գիծը կառավարող այս կազմակերպությունում աշխատում է շուրջ մեկ միլիոն 700 հազար մարդ, ովքեր սույն արհմիության անդամներ են: Հայաստանում գտնվող այս կազմակերպության պատվիրակներն արժանացել են նաեւ Գագիկ Ծառուկյանի ընդունելությանը՝ փոխհամագործակցության հուշագրեր են ստորագրել, համատեղ միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու պայմանավորվածություններ ձեռք բերել:
Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության համակարգող, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք՝ առաջիկա ընտրություններից առաջ ՌԴ-ի հետ կապերի այս սերտացումը ի՞նչ ենթատեքստ ունի, մանավանդ որ, ՌԴ երկաթուղայինների արհմիությունը սովորական եւ հերթական հասարակական կառույց չէ: Նկատենք, որ հայաստանյան երկաթուղին կոնսենսիոն կառավարման է հանձնված հենց «Ռուսաստանի երկաթ-գիծ» ընկերությանը: Տիգրան Ուրիխանյանը նկատեց. «Դեռ միության ստեղծման ժամանակ մենք հայտարարել ենք, որ այս միության ստեղծումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: Ավելի ճիշտ՝ ունի այնքանով, որքանով որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները արտաքին քաղաքական հարաբերությունների համատեքստում են: Ներքաղաքական որեւէ խնդիր չի դրվել, հ/կ-ների հետ որեւէ քննարկում անգամ չի արվել եւ չի էլ լինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ