«Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, որին իր արտաքինով, հռետորաբանությամբ, ժեստերով ու արիականության մասին հայտարարություններով նմանեցնում են Ադոլֆ Հիտլերին, օրերս հարցազրույց է տվել «Սլաքին» ու հայտնել, որ իր պաշտամունքը Սերժ Սարգսյանն է եւ այդ պաշտամունքը գալիս է դեռեւս 90-ականներից:
Նա նաեւ հայտարարել է, որ հանրապետությունում ավելի քան 200 գրասենյակ են հիմնել:
Քանի որ Սերժ Սարգսյանը դեռեւս Հայ առաքելական եկեղեցու կողմից պաշտոնապես ճանաչված սրբերի ցանկում չէ, նրա պաշտամունքը չեմ կարող գնահատել այլ կերպ, քան աղանդավորություն, իսկ 200 գրասենյակներն էլ, թերեւս, ստեղծվել են այս նոր աղանդը տարածելու համար:
Կարդացեք նաև
Դե թող Պուտինի պաշտամունքի ներկայացուցիչները գնան ու մտածեն իրենց 1-2 ակումբներով:
Երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիտարկում եմ որպես պաշտամունքի առարկա, անհրաժեշտություն է առաջանում համեմատություններ անցկացնել սրբերի հետ ու թեեւ հիմա սրբերն ավելի շատ են, քան ազնիվ մարդիկ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին որպես սուրբ ընկալելը մի քիչ դժվար է: Միգուցե պետք չէ նախագահին վատ դրության մեջ գցել՝ նրա պաշտամունքի մասին հայտարարություններ անելով:
Կարեն Մեժլումյան
Փաստաբան