Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զորամասում գիշերային տեսակցությունն ավարտվեց կրակոցով եւ ազատազրկմամբ

Փետրվար 23,2012 15:33

Հարություն Կարենի Վարդանյանը «Վերնիսաժ« սրճարանից, ոգելից խմիչք օգտագործած վիճակով զանգում է ընկերոջը՝ Արթուր Մխիթարյանին: Նա խնդրում է ընկերոջը հանդիպել իրեն: Արթուրը միայնակ չի գալիս սրճարան, այլ ընկերների՝ Էրիկ Խաչատրյանի եւ Յուրիկ Ենոքյանի հետ:

Վարդանյանը, քանի որ խմած էր, խնդրում է, որ տղաներից ինչ-որ մեկը վարի իր «Վազ 21-21» 25 ՏՕ 098 պետհամարանիշի ավտոմեքենան: Արթուրը վարում է մեքենան: Ընկերախումբն ուղեւորվում է պաշտպանության նախարարության Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի զորամասը:

Հարությունը պիտի տեսակցեր նորակոչիկ Հրայր Նարիմանյանին: Գիշերվա ժամը 10-ն էր: Հասնում են զորամաս, ուր նրանց առաջինը դիմավորում է հերթապահ, կրտսեր սերժանտ Արման Հարությունյանը: Նա հերթապահին ասում է Հրայրի հետ տեսակցելու ցանկության մասին: Հերթապահը բացատրում է, որ այդ ժամին տեսակցությունն արգելված է:

Ավելին, հերթապահը զանգում է վերադասին՝ կապիտան Արմեն Մելքոնյանին, զեկուցում այդ մասին: Կապիտանը նույնպես դեմ է լինում գիշերային տեսակցությանը:

Լավ տղայի դերի մեջ մտած Հ.Վարդանյանը չլսելով սերժանտի հորդորները՝ մուտք է գործում պաշտպանության նախարարության հսկվող զորամաս, հասնում շտաբի շենքի մոտ, վեճի բռնվում կապիտանի՝ Արմեն Մելքոնյանի հետ, որի հեռախոսային մերժումը սրտով չէր եղել: Վիճաբանությանը, կապիտանին անգամ հարվածելու պահին, խառնվում են Վարդանյանի ընկերները, իսկ զորամասի հերթապահի օգնական, կապիտան Մարտին Գեւորգյանը նրանց սթափեցնելու նպատակով իր ատրճանակից երկու կրակոց է արձակում օդ: Վարդանյանը եւ ընկերախումբը հեռանում են:

Այս գործի դատաքննությունն ավարտվել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հարությունի նկատմամբ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցը դատարանում փոխվել էր եւ նա կալանավորվել էր հենց դատական նիստերի դահլիճում:

Իշխանության ներկայացուցչի դեմ կատարած խուլիգանության համար նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Սակայն Հարությունի պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանը, վերաքնիչ բողոք էր բերել: Պաշտպանն ուշադրություն էր հրավիրել մի քանի հանգամանքների վրա, մասնավորապես, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ Հարությունը զղջացել է, այն, որ նա տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, օգնել է նախաքննության մարմնին: Ըստ պաշտպանի, առաջին ատյանի դատարանը հաշվի չէր առել նաեւ իր պաշտպանյալի առողջական վիճակը, որ նա տառապում է հիպերտոնիկ հիվանդությամբ, ունի զարկերակային հիպերտենզին:

«Հ.Վարդանյանի կողմից անկեղծորեն զղջալը եւ տուժողի հետ հաշտվելը բավարար պայման են հանգելու հետեւության, որ նա ուղղվելու կարիք չունի ազատազրկման ձեւով պատժի ենթարկվելու, ազատազրկման ձեւով պատիժը կրելու»,- իր բողոքում նշել էր պաշտպանը եւ ակնարկել, որ տուգանք-պատժատեսակը բավարար կլիներ պատժի նպատակներն իրականացնելու համար:

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը արագացված ընթացակարգով երեկ սկսված նիստի արդյունքում (դատավորներ՝ Գագիկ Ավետիսյան, Սերգեյ Չիչոյան եւ Եվա Դարբինյան կազմով) մերժեց ամբաստանյալի պաշտպանի վերաքննիչ բողոքը, եւ մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829