Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սողոյան. Հոգեկան հիվանդը որեւէ վտանգ չի ներկայացնում հասարակությանը

Փետրվար 23,2012 15:11

Այսօր «Հայացք» ակումբում խոսելով հոգեկան առողջության իրազեկվածության եւ հոգեկան խանգարումների մասին՝ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ասաց, որ ժամանակին բուժում ստացող հոգեկան հիվանդը սովորական մարդ է, որը կարող է ապրել, աշխատել, ստեղծագործել եւ պետք է հասարակության մեջ վերացնել այն կարծրատիպը, թե ամոթ է հոգեկան հիվանդ հարազատ ունենալ. «Ներկայումս 44 հազար Հայաստանի քաղաքացիներ առնչություն են ունեցել հոգեկան ծառայությունների հետ, բայց հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը, սա այն թիվն է, որ մարդիկ դիմել են մի քիչ ավելի վատ վիճակում, իսկ նախնական փուլում խուսափում են դիմել, հենց հասարակության վատ կարծիքի պատճառով: Պետք չէ մտածել, որ իրեն-իրեն կանցնի, պետք է ժամանակին դիմել մասնագետի»:

Արմեն Սողոյանի հավաստմամբ՝ հոգեկան հիվանդությունները բուժելի են, եւ հազվադեպ են լինում դեպքեր, որ չեն բուժվում:

Բժշկի խոսքերով՝ մարդու հոգեկան առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ սկսած գենետիկ նախատրամադրվածությունից, ներարգանդային կյանքում եւ վաղ մանկական տարիքում տարած հիվանդություններից, բարոյական եւ ֆիզիկական որոշակի ազդեցություններից, վերջացրած կրթությունից, շրջապատից, աշխատանքից ու միջավայրից: Իսկ երկրի տնտեսական իրավիճակն ու մարդու հոգեկան առողջությունը, ինչպես վստահեցրեց մասնագետը, փոխկապակցված են եւ միմյանց վրա լուրջ ազդեցություն են թողնում. «Ճգնաժամերի ժամանակ, տնտեսական ծանր վիճակներով պայմանավորված, տղամարդկանց մոտ խնդիրներ են առաջանում: Ընտանիքի հոգսը չհոգալն առաջացնում է սթրեսային վիճակ, հետո՝ դեպրեսիա: Դեպրեսիաներն ու սթրեսային վիճակներն իջեցնում են մարդու աշխատունակությունը, աշխատելու արդյունավետությունը կամ աշխատանք գտնելու արդյունավետությունն է նվազում, իսկ անաշխատունակությունն էլ ավելի է խորացնում տնտեսության ծանր վիճակը»:

Aravot.am-ի այն հարցին, թե հայ ազգին կարելի՞ է համարել հոգեկան առողջ ազգ, հաշվի առնելով հիվանդների թիվը, պարոն Սողոյանը պատասխանեց. «Ցանկացած ազգ այդ վիճակում գտնվում է եւ չի կարող այդ վիճակից ազատվել: Մեր հոգեկան հիվանդների քանակն ամենեւին էլ շատ չէ: Երբ ես գիտական ուսումնասիրություններ էի անցկացնում 1985-95 թվականներին այդ հիվանդությունների տարածվածության հետ կապված, 88-ին փսիխոպատիաների դիմելիության թիվը խիստ նվազել էր: 88-ի երկրաշարժից հետո նորից եկավ նախկին վիճակին: Այսինքն՝ երբ կար համազգային գաղափար, բնակչությունը դրան էր նվիրված, այսինքն՝ դա նպաստել է ավելի քիչ անձնական խնդիրներ ունենալուն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829