Այսօր նախնական եւ միջին մասնագիտական կրթության հաստատություններում սովորում է շուրջ 36 հազար ուսանող: Երեկ կայացած ասուլիսում ԿԳ նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը նշեց, որ միջին մասնագիտական կրթությունն այլեւս պահանջված է աշխատաշուկայում, ու հաջողություններն էլ հիմնականում արձանագրվել են սպասարկման, զբոսաշրջության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում: Պարոն Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ԿԳ նախարարությունը ակտիվ աշխատանք է տանում գործարարներին ՄԿՈՒ համակարգ ներգրավելու ուղղությամբ, եւ նրանք հաճախ մասնակից են լինում կրթական չափորոշիչների մշակմանն ու պրակտիկ աշխատանքների կազմակերպմանը: Վարչության պետի ասելով, գործարարներին հնարավորություն է ընձեռվում լավագույն ուսանողներին ընտրել, իրենց մոտ աշխատանքի տեղավորել, վերջիններիս էլ՝ դրսեւորել սեփական մասնագիտական հմտությունները: Ռոբերտ Աբրահամյանը թվեց մի քանի կրթական հաստատություն՝ Վայոց ձորի, Լոռու տարածաշրջանային քոլեջներ, Երեւանի հայ-հունական պետական քոլեջ եւ այլն, որոնք, նրա խոսքով, վառ օրինակ են կրթական հաստատություն-բիզնես համագործակցության:
«Առավոտ» օրաթերթ