Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի մեկնաբանությունները
«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 24-ին կայանալիք համերգը նվիրված է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի ծննդյան 50-ամյակին: Երեկոյի ծրագրում հոբելյարի ներկայությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան), Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ռ. Մլքեյան), Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Սյուզաննա Մելքոնյանի եւ Գուրգեն Բավեյանի մեկնաբանմամբ կհնչի կոմպոզիտորի «Missa de Lumine» մեսսան՝ Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները մշտապես գտնվում են լավագույն նվագախմբերի, երգչախմբերի, անվանի դիրիժորների, մեներգիչների ուշադրության կենտրոնում: Հայաստանյան որոշ կոլեկտիվներ տարին մի քանի անգամ անդրադառնում են ճանաչված կոմպոզիտորի երկերին, սակայն այս համերգը 1991 թվականից Ցյուրիխում բնակվող ու ստեղծագործող արվեստագետին նաեւ դեմքով գիտենալու լավ առիթ է լայն ունկնդրի համար:
«Առավոտը» Դ. Հալաջյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Եվրոպան այսօր լավ է ճանաչում հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչներին: «Մեր կոմպոզիտորական դպրոցը իր դեմքը առայժմ չունի,- ասելուց հետո նա մանրամասնեց,- աշխարհը ճանաչում է, օրինակ, ռուսական, անգլիական, գերմանական դպրոցի ստեղծագործողներին: Ինչ խոսք, հայ կոմպոզիտորներից ոմանք էլ հայտնի են աշխարհին: Այսուհանդերձ, հայ կոմպոզիտորական դպրոց՝ որպես այդպիսին, չեն կարող ճանաչել, քանի որ հայտնի անունների գործերը, այդ թվում՝ Խաչատրյանի, Տերտերյանի, Մանսուրյանի, տարբեր ուղղվածություն ունեն: Մի խոսքով՝ հայտնի ենք անհատներով»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինքը ուսում ստանալով Երեւանի ուսումնարանում՝ Արամ Սաթյանի դասարանում, կոնսերվատորիայում՝ Էդգար Հովհաննիսյանի դասարանում, ապա Շվեյցարիայում՝ Բեննեթիի եւ Կեսլերի ղեկավարությամբ, ի վերջո, ո՞ր դպրոցն է ներկայացնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ համարում եմ Կոմիտասի գործին, հայ հոգեւոր երաժշտությանը նվիրված ու նվիրյալ ստեղծագործող: Մի տեսակ պարտավորվածություն եմ զգում այդ առումով: Չեմ էլ կարող անտեսել նաեւ եվրոպական ազդեցությունը: Ստեղծագործում եմ, օրինակ, լատիներենով եւ հենց լեզուն այս դեպքում թելադրում է ամեն ինչ: Նշեմ, որ օտարները իմ գործերը ընդունում են որպես հայկական, ինչը երբեք չեմ էլ թաքցրել, իմ ծագմամբ հպարտ եմ»: Դավիթ Հալաջյանը հավելեց նաեւ, որ ազգային երաժշտության հետ կապվածությունը մեծ ուժ է ու առավելություն, շեշտելով, թե Կոմիտասին ենք պարտական ունեցած ազգային մաքրամաքուր երաժշտության համար:
Մեր դիտարկմանը, թե անգամ մասնագետների տեսակետները աշխարհում Կոմիտասի ճանաչված լինելու մասին, միմյանցից խիստ տարբեր են ու հակասական, Դ. Հալաջյանը պատասխանեց. «Մասնագետները՝ դաշնակահարները, ջութակահարները, երաժշտագետները, վոկալիստները հետաքրքրված են Կոմիտասով, ուրեմն դրանով ամեն ինչ ասված է: Դրանից ավելիին հասնելու ակնկալիք չպետք է ունենալ: Համոզված եմ, որ երբեք արտերկրի լայն ունկնդրի համար մեծ վարդապետի գործն ու երաժշտությունը չեն դառնա ամենօրյա պահանջվածության նյութ»:
Դառնալով սեփական հոբելյանին՝ երաժիշտը նշեց, որ այն տարվա ընթացքում կնշվի նաեւ Սան Ֆրանցիսկոյում, Կանադայում եւ Գերմանիայում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ