Արդեն պատրաստ են քննական առաջադրանքների շտեմարանները: Դրանք (մասնագիտության բերումով՝ նկատի ունեմ հայոց լեզու եւ գրականություն առարկայի առաջադրանքների շտեմարանները) առաջին հերթին օգնություն են V-XII դասարաններում դասավանդող ուսուցիչներին՝ խելամտորեն կազմակերպելու մայրենի լեզվի եւ գրականության ուսուցումը, գործնականորեն ուսուցանելու դասավանդվող առարկայի առանձնահատկությունները, զարգացնելու երեխաների մտածելակերպը, եզրահանգելու կարողությունները: Յուրաքանչյուր ուսուցիչ, սկսած I դասարանից մինչեւ XII դասարան, պետք է քաջատեղյակ լինի պետական ծրագրերին, այնպես էլ ԳԹԿ-ի կողմից հրատարակվող ուղեցույցներին, սեփականի դրանց բուն էությունը եւ դրանց համապատասխան՝ ծավալի նպատակաուղղված գործունեություն. այն է՝ դասուսուցումը կազմակերպի՝ ձեռքի տակ ունենալով իր ստեղծագործական աշխատանքը թեթեւացնող գործնական աշխատանքների շտեմարաններ:
Այսպես. V դասարանում հնչյունաբանություն թե բառագիտություն, VI-IX դասարաններում ձեւաբանություն թե շարահյուսություն, X-XII դասարաններում V-IX դասարաններում անցածի կրկնություն՝ իրենց բոլոր առանձնահատկություններով, բոլորը սերտորեն միմյանց հետ կապված, միմյանցով պայմանավորված, ուսուցանելիս, խնդրեմ, ուսուցիչը շտեմարաններից թող ընտրի համապատասխան առաջադրանքներ՝ տարաբնույթ պահանջներով: Հենց դրանց վերլուծությամբ եւ համադրությամբ ուսուցիչը կկարողանա զարգացնել աշակերտի՝ կարդացած պահանջը հասկանալու եւ դրա ճիշտ պատասխանը որոշելու կարողությունը:
ԼՅՈՒԲԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցի հայոց լեզվի եւ հայ գրականության նախկին ուսուցչուհի
«Առավոտ» օրաթերթ