Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաշտոցի այգու բարեկարգումը քաղաքապետարանի ծրագրերում է

Փետրվար 23,2012 14:02

Աբովյան փողոցից Մաշտոցի պուրակ տեղափոխված տաղավարների սեփականատերերի հետ Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել դեռեւս 4-5 տարի առաջ, եւ այդ պայմանագրերի ժամկետը դեռեւս ավարտված չէ: Անդրադառնալով տաղավարների վայրի փոփոխությանը եւ վերջին օրերին ամենաշատ քննարկվող հարցին՝ Մաշտոցի պուրակ տեղափոխված տաղավարներին, ասաց Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավարկային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Տիկին Նահապետյանը հետեւյալ բացատրությունները ներկայացրեց. «Երբ մենք սկսեցինք կրպակների տեղահանումը, առաջին հարցը, որ մենք ուսումնասիրեցինք, այն էր, որ պայմանագրի ժամկետը չավարտված տաղավարների սեփականատերերին պետք է համապատասխան տեղ հատկացնեինք, եւ դրանք շարունակեին գործել: Մենք կարողացանք սեփականատերերի հետ համաձայնության գալ, եւ նրանք էլ տարածքը ազատեցին: Ամենահարմար տեղը, որը մենք պետք է առաջարկեինք նրանց՝ Մաշտոցի պուրակն էր, հո այդ մարդկանց իրենց սեփականությունից չէի՞նք զրկելու, մարդը ներդրումներ է արել, գումար է ծախսել, իր սեփականությունն ունի, ի՞նչ պետք է անեինք:

Օրենքի շրջանակներում լուծումը մեկն էր. քաղաքապետարանը պետք է փոխհատուցեր, այսինքն՝ տվյալ տաղավարները գնեինք իրենցից եւ հարցը փակեինք, երկրորդ տարբերակն էլ համարժեք ժամանակավոր տեղ գտնելն էր տաղավարների տեղադրման համար: Այսինքն՝ մինչեւ «Հին Երեւան» ծրագիրը սկսի աշխատել, այդ տաղավարները պետք է մնան Մաշտոցի պուրակում: Ես էլ Երեւանի էկոլոգիական վիճակից առանձնապես գոհ չեմ, իհարկե՝ կանաչ տարածքները պետք է շատացնենք, դա բոլորիս ցանկությունն է, քանի որ մեր երեխաները մեծանում են այս քաղաքում: Բայց մենք չպետք է մոռանանք, որ մարդիկ ունեն սեփականություն, եւ մենք պարտավոր ենք հարգել նրանց իրավունքները կամ օրենքի շրջանակում լուծումներ առաջարկենք:

Այժմ քաղաքապետարանի առաջարկած լուծումը եւ այդ տաղավարների ժամանակավոր տեղափոխությունը մեզ համար համարվում է ամենաօպտիմալ տարբերակը, քանի որ Երեւան քաղաքը այդպիսի բյուջե չունի, որպեսզի տաղավարների սեփականատերերին միանգամից փոխհատուցում տա, եւ նրանք էլ իրենց տաղավարները վերացնեն: Ես ուղղակի խնդրում եմ, որ Մաշտոցի այգու «պաշտպանները» հարգեն մարդու սեփականության իրավունքը եւ կարողանան մինչեւ պայմանագրի ժամկետի լրանալը կամ «Հին Երեւան» ծրագրի մեկնարկը համբերատար լինել: Ես այս ամենն ասում եմ որպես այս քաղաքի խնդիրներով մտահոգ քաղաքացի:

Պետք է նշեմ, որ քաղաքի մյուս հատվածներում էլ գտնվող կրպակները հանվել են այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետարանի հետ նրանց պայմանագրերի ժամկետները լրացել են, օրինակ՝ այժմ Մոսկովյան փողոցի վրա կան կրպակներ, որոնց պայմանագրերի ժամկետը լրանալու է 2015թ., իսկ այժմ այդ կրպակներն իրենց տեղում են, ոչ ոք չի կարող իրենց տեղերից հանել, քանի որ այն կլինի օրենքի շրջանակներից դուրս, վաղաժամկետ կարող են հանվել այն դեպքում, երբ դու կարող ես փոխհատուցել:

Բնապահպանների մտահոգությունը ես իսկապես կիսում եմ, քանի որ այն ոչ միայն Երեւան քաղաքին է վերաբերում, այլ նաեւ կանաչ գոտիների պահպանմանը բոլոր քաղաքներում: Այս ծրագրերն էլ քաղաքապետարանի կողմից շարունակական բնույթ են կրելու: Այս օրերի ընթացքում այդքան շատ, կարծում եմ՝ նաեւ արհեստականորեն, շահարկվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը, ում հանիրավի կապում են այդ ամենի հետ, սակայն այդ կրպակները տեղադրվել են 4-5 տարի առաջ: Կցանկանայի շեշտել, որ Աբովյան փողոցը վերադարձվեց երեւանցիներին, ինչը այս պատմության մեջ դրական ձեռքբերումներից էր, որը, չգիտես ինչու, հետեւողականորեն անտեսվում է: Մաշտոցի այգու այդ հատվածը բարեկարգված չէր եւ անմխիթար վիճակում էր, այգու բարեկարգումն էլ քաղաքապետարանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829