Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենը դատի է տվել ոստիկանությամբ սպառնացող ՀՀԿ-ական տնօրենին

Փետրվար 23,2012 13:59

Աիդա Մնացականյանը մինչեւ վերջ կպայքարի իր իրավունքների համար:

Երեւանի Ս. Հովսեփյանի անվան 115 դպրոցի նախկին տնօրեն Աիդա Մնացականյանը դատի է տվել ԿԳ նախարարությանը եւ դպրոցի նորընտիր տնօրեն, ՀՀԿ անդամ Գոհար Անտոնյանին: Նա պահանջում է անվավեր ճանաչել տնօրենի անցյալ տարվա հունվարի 1-ի հրամանը, վերականգնվել նախկին պաշտոնում, իր հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը դարձնել անորոշ ժամկետով եւ թույլատրել աշխատել որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ: Տիկին Մնացականյանն ակնկալում է, որ դպրոցն իրեն կվճարի նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ: Ա. Մնացականյանը «Առավոտին» հայտնեց, որ դատարան դիմելուց առաջ փորձել է հանդիպել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, սակայն չի հաջողվել, մի քանի անգամ դիմել է Աշխատանքի տեսչություն: Տիկնոջը հատկապես զայրացրել է այն, որ նորընտիր տնօրեն Գոհար Անտոնյանը դպրոցի պահակին ոչ միայն հրահանգել է իրեն ներս չթողնել, այլեւ սպառնացել է ոստիկանություն զանգել, եթե չլքի դպրոցի տարածքը:

Նշենք, որ Աիդա Մնացականյանը 1998 թվականից աշխատել է Ս. Հովսեփյանի անվան թիվ 115 դպրոցի տնօրեն, նրա 65 տարին լրացել է անցյալ տարվա մարտի 15-ին: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ անցյալ տարվա ապրիլի 1-30-ը մասնակցել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) քննությանը նախորդող վերապատրաստման 99-ժամյա դասընթացին, ապա քննություններին ու ստացել համապատասխան հավաստագիր: Վերջինս իրավունք է տալիս մասնակցել ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին եւ ուժի մեջ է մինչեւ 2016 թվականի հուլիսի 7-ը: Տիկին Մնացականյանը հղումներ անելով Սահմանադրության մի քանի հոդվածների, նշում է, որ չնայած իր 65 տարին լրացել է, սակայն աշխատանք ընտրելու իրավունքը պետք է երաշխավորված լինի բոլորի համար՝ անկախ տարիքային սահմանափակումներից, եւ իր պարագայում խտրականություն է դրսեւորվել: Նրա խոսքով, իրեն թույլատրել են ղեկավարման իրավունքի քննությանը մասնակցել մի պայմանով, եթե ստորագրի, որ հրաժարվում է մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին, ինքն էլ ստիպված ստորագրել է:

«Երբ գնացի հավաստագրման դասընթացներին, զարմացան, թե ինչու եմ եկել, ասացի՝ ուզում եմ… Մտածում էի, որ 65 տարեկան տնօրենին չի կարելի հանել, ի՞նչ է՝ հենց մարդու 65-ը լրանում է, անխելքանո՞ւմ է, ամեն ինչ վերջանո՞ւմ է: 65 տարին նրա համար է, եթե մարդը ուզենա՝ գնա, բայց դա պարտադիր չէ: Մարդը կարող է աշխատել, եթե ամուր է, առողջ ու այլ պատճառ չկա»,- պատմեց մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ անցյալ տարվա օգոստոսի 1-ին ԿԳՆ աշխատակազմի ղեկավարն իր մոտ է կանչել ու իրեն առաջարկել աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել, իսկ ինքը, ի տարբերություն 65 տարին լրացած մյուս տնօրենների, հրաժարվել է. «Ասացի ինձ աշխատանքից հանե՛ք, եթե ժամկետս լրացել է, բայց ես դիմում չեմ գրի, իրենք էլ ինձ թույլ տվեցին աշխատել մինչեւ 2011-ի սեպտեմբերի 20-ը»: Այսպիսով, նրան ձեւակերպել են կես դրույքով փոխտնօրեն եւ հայերենի դասաժամեր տվել մեկ դասարանում, սակայն  մանկավարժի հետագա գործունեությունը հարթ չի ընթացել:

Տիկին Մնացականյանն ափսոսում է, որ իրենց դպրոց «դրսից» են տնօրեն բերել, մինչդեռ իրենց երկու ուսուցիչ՝ Քնարիկ Հայրապետյանն ու Մարինե Քալաշյանը, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթների են մասնակցել ու այլ դպրոցներում տնօրեն ընտրվել:

Նախկին տնօրենը պնդում է, որ իր հաջորդը «վերեւից» հովանավորվում է կուսակցական պատկանելության շնորհիվ, իսկ նրա բոլոր թերությունները կոծկվում են, դպրոցում էլ անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում: Ա. Մնացականյանի պնդմամբ, տնօրենը դիտմամբ այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ ինքը տապալվի, իսկ 2011-ի դեկտեմբերի 1-ին դպրոցի 23 դասարաններից մեկը կամայականորեն կրճատել է, որպեսզի փոխտնօրենի կես դրույքով իր հաստիքը մեխանիկորեն «մեջտեղից» դուրս գա: Աիդա Մնացականյանը Գոհար Անտոնյանի՝ իր կարծիքով մի շարք անօրեն որոշումներ ու արարքներ վկայակոչեց, որոնցից ոչ բոլորը լրագրային տարածքի սղության պատճառով կարողացանք հրապարակել:

Տիկին Մնացականյանը խնդրեց հոդվածում նշել, որ ինքը դատարան է դիմել բոլոր այն տնօրենների անունից, որոնց իրավունքները ոտնահարվել են, բայց ինչ-ինչ պատճառներով չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին:

«Առավոտը» կապվեց նաեւ Ս. Հովսեփյանի անվան 115 դպրոցի ներկայիս տնօրեն Գոհար Անտոնյանի հետ: Տիկին Անտոնյանը հեռախոսով փոխանցեց. որ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, քանի որ գործը դատական փուլում է, խոստանալով խոսել դատարանի վճռից հետո: Մնացականյանի պնդմանն էլ, թե ՀՀԿ անդամ լինելու համար ինքը հովանավորվում է, տնօրենը չհամաձայնեց:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829