Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շմայսի սանիկի» մեքենայով վկային տարել են բաժին

Փետրվար 23,2012 13:45

Ամալյա Ալյազի Մամոյանը գտնում է, որ որպես ՀՀ քաղաքացի, որպես կին, խախտվել են իր իրավունքները

Ամալյա Մամոյանն իր ծանոթ Կարեն Առաքելյանի մոր՝ Ալվարդ Առաքելյանի հաղորդումով Երեւանի ոստիկանության Շենգավիթի բաժնում 2011թ. հունիսից քննվող թիվ 11124611 քրեական գործով ներգրավվել է որպես վկա: «Այդ օրվանից մինչեւ հիմա ինձ ոստիկանները «տանում-բերում» են եւ հարցաքննում են: Բողոքի հիմք է հանդիսանում այն, թե իբր 2009թ.-ին Կարեն Առաքելյանից վերցրել եմ 30 հազար ԱՄՆ դոլար՝ սեփականությամբ մորս պատկանող, Երեւանի Մանթաշյան 4/2, 10 հասցեի բնակարանն իրենց վաճառելու նպատակով: Մատնանշում են նաեւ, թե նշված գումարը ինձ են տվել մեր տանը՝ մորս ներկայությամբ: Իրականում նման բան չի եղել, քանի որ նշված բնակարանը ես կամ մայրս վաճառելու նպատակ երբեւէ չենք ունեցել եւ նման խոսակցություն մեր միջեւ չի եղել»,- ասում է Ա. Մամոյանը:

Ըստ Ա. Մամոյանի, դիմումներ է ուղարկել ՀՀ նախագահին եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին, որում տեղեկացնում է կատարվածի մասին, նշելով, որ իր նկատմամբ ակնհայտ շանտաժ է տեղի ունենում. «Կարեն Առաքելյանը շանտաժի միջոցով փորձում է ինձնից կորզել խոշոր չափի գումար՝ իր խոսքերով, հույսը դնելով նրա վրա, որ ինքը հանդիսանում է «Շմայսի սանիկը» եւ ոչ մի տեղ, ոստիկանության մարմիններում խնդիր չունի, քանի որ իր թիկունքին այնպիսի մարդ է կանգնած, որի դեմ խաղ չկա: Նա ասում է, որ ինքը ինչպես ցանկանա, այդպես էլ կլինի, քանի որ ես ազգությամբ եզդի եմ, անգրագետ եւ ոչինչ չեմ հասկանում»:

Ա. Մամոյանը մեր զրույցի ժամանակ հայտնեց, որ 2012թ. հունվարի 28-ին՝ առեւտուր անելու նպատակով, 1 շաբաթով փորձել է գնալ Ստամբուլ, «Բավրա» սահմանային կետում նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները նրան իջեցրել են Երեւան-Ստամբուլ ուղերթի ավտոբուսից եւ տեղափոխել ոստիկանության Աշոցքի բաժին: Այնտեղից էլ Շենգավիթի ոստիկանության բաժին է տեղափոխել Երեւանից եկած բողոքաբեր Կարեն Առաքելյանը՝ իրեն պատկանող «ՆԻՎԱ» մակնիշի 20 ԼՏ 405 պ/հ-ի ավտոմեքենայով: «Ճանապարհին Կարեն Առաքելյանն ինձ դիմելով՝ ասաց. «տեսա՞ր՝ ես որեւէ պրոբլեմ չունեմ, բոլորին առել եմ, ինչ ուզեմ՝ կանեմ»:

Ոստիկանության Շենգավիթի բաժին հասնելուց հետո Կարեն Առաքելյանն իր մեքենայով հեռանում է, իսկ Ամալյային տանում են քննիչ Տիգրան Հովհաննիսյանի աշխատասենյակ: «Միեւնույն է՝ դու դատվելու ես, խոստովանական ցուցմունք տուր, թե չէ՝ կձերբակալենք, կապ չունի, թե վկա ես»,- ասում է քննիչը՝ վկայից վերցնելով նրա անձնագիրը: Շուրջ 11 ժամ անազատության մեջ մնալուց հետո, քննիչ Տիգրան Հովհաննիսյանը վկային բաց է թողնում: «Ամեն գնով փորձում են իմ դեմ «գործ սարքել», ինչից հետեւում է, որ Կարեն Առաքելյանի կողմից արված հայտարարությունները իրական են, եւ քանի դեռ այս գործը քննվելու է ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում՝ ճշմարտությունը չի բացահայտվելու, եւ Կարեն Առաքելյանն ու նրան օժանդակող ոստիկանները գործելու են օրենքի սահմաններից դուրս»,- ասում է տիկին Ամալյան: Նա դիմում է ՀՀ նախագահին, ՀՀ ազգային անվտանգությանը, «Առավոտին», որպեսզի ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննվող թիվ 11124611 քրեական գործի քննությունը տեղափոխվի ցանկացած այլ քննչական մարմին, քանի որ, ըստ նրա, Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցները սույն գործով չեն կարող անկողմնակալ եւ օբյեկտիվ քննություն կատարել: Դրանով միաժամանակ կկանխվի Կարեն Առաքելյանի եւ ոստիկանության աշխատակիցների ապօրինի համագործակցության արդյունքում հնարավոր մեղադրանքի առաջադրումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, նյութը պատրաստ էր հրապարակման, երբ եզդի կնոջ պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Ամալյա Մամոյանը երեկ կանչվել է ոստիկանության բաժին: Փոխվել է նրա կարգավիճակը. վկայից դարձել է կասկածյալ եւ որ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Ի դեպ, պաշտպանը քննչական խմբին անվստահություն է հայտնել, քանի որ խմբի կազմում են նախկին ու ներկա քննիչները: Մեր տրամադրության տակ կա նաեւ տեսանյութ, թե ինչպես են հունվարի 28-ին նախկին վկային ապօրինի բերման ենթարկել ոստիկանության բաժին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829