Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն բարեգործություն է անում՝ տնտեսվարողին գցելով «փոսը»

Փետրվար 23,2012 13:42

Անվճար ավտոբուսները ուղեւոր են խլում

Բարեգործություն են անում մաշված եւ վտանգավոր «պազիկներով»:

«Կինգ դե լյուքս» տրանսպորտային ընկերությունը, որը սպասարկում է Աբովյան քաղաքի թիվ 1, 2, 3 եւ Աբովյան-Երեւան թիվ 259 երթուղագիծը, օրինական կարգով շահել է նշյալ երթուղագծերը սպասարկելու մրցույթը, տարիներ ի վեր պետությանը մեծ հարկեր է վճարել, սակայն այսօր կանգնած է ֆինանսական մեծ խնդիրների առաջ:

Բարվոք «Բոգդաններով» գիծը սպասարկելու համար «Կինգ դե լյուքսը» հազարավոր դոլարների վարկեր է վերցրել:

Ընկերությունը, դեռեւս դուրս չեկած կատարած ներդրումների պարտքի տակից, նոր պարտքեր է «շալակում»: Եվ եթե այսպես շարունակվի՝ կսնանկանա: Պատճառն այն է, որ նախընտրական այս շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, անունը բարեգործություն դնելով, նույն երթուղագծերում «ուսանողականի» անվան տակ հնամաշ 30-40 հատ «պազիկ» ավտոբուսներ է «մտցրել» եւ անվճար ուղեւորափոխադրում է իրականացնում՝ «Կինգ դե լյուքսի» գործին խփելով:

Ընկերությունն այս 1 շաբաթվա ընթացքում արդեն ֆինանսական մեծ վնասներ է կրել: Երեկ Աբովյան քաղաք մեր այցելության ժամանակ նկատեցինք, որ այդ ավտոբուսներից ավելի շատ օգտվում էին մեծահասակներն ու միջին տարիքի մարդիկ, քան՝ ուսանողները: Աբովյանցիների հետ զրույցում պարզեցինք, որ ուզեն-չուզեն՝ պիտի այդ պազիկներից օգտվեն, եւ ոչ թե այն պատճառով, որ անվճար է, այլ, երբ փորձել են օրինական գործող «Բոգդան» ավտոբուսը նստել, ինչ-որ մարդիկ նրանց սպառնալով ստիպել են «պազիկից» օգտվել:

Ի դեպ, բնակիչները պատմեցին, որ այդ «բարեգործական» ավտոբուսները այնքան էլ անվտանգ չեն. օրերս դրանցից մեկի «գազի բալոնը», հենց ավտոկայանում՝ պայթել է, ուղեւորները մի կերպ են հասցրել ավտոբուսից դուրս գալ:

«Բոգդանն» ավելի անվտանգ է ու մաքուր, մենք էլ ենք ուզում հենց «Բոգդանով» երթեւեկել, բայց ԲՀԿ-ի մարդիկ կանգնած հատ-հատ հետեւում են, թե ով նստեց, ով՝ չնստեց: Աբովյանն էլ փոքր քաղաք ա, բոլորն իրար ճանաչում են»,- ասաց մի քաղաքացի՝ չցանկանալով ներկայանալ:

«Առավոտի» հետ զրույցում «Կինգ դե լյուքս» ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ այս մեկ շաբաթում, ԲՀԿ-ի բարեգործության պատճառով, մոտ 15 հազար դոլարի վնաս են կրել. «Եթե ուզում են բարեգործություն անել, թող իրենց «Մուլտի գրուպի» արտադրանքները՝ կոնյակներն ու գարեջուրը, ցեմենտը կամ կաթնամթերքը անվճար բաժանեն ժողովրդին, այ, դա իսկական բարեգործություն կլինի: Իսկ մենք հարկային պարտավորվածություն ունենք, եւ, եթե սենց շարունակվի, լրիվ կաթվածահար կլինի մեր ընկերությունը»:

«Կինգ դե լյուքսի» ներկայացուցչի խոսքերով՝ մոտ 4 միլիոն դոլար վարկ են վերցրել՝ ներդրում կատարելու համար: Մեկ տարեկան «Բոգդան» ավտոբուսներ են ներկրել, որպեսզի քաղաքակիրթ սպասարկեն բնակչությանը, բայց քանի որ, ըստ ընկերության պատասխանատուների, պետությունը աչք է փակում այդ ամենի վրա, իրենք չեն կարողանա վարկերը մարել, դեռ մի բան էլ պարտքեր կուտակելով՝ բիզնեսը կկորցնեն. «Մենք լրիվ օրենքի դաշտում ենք, բոլոր մեքենաները գրանցված են, մի հատ ձեւի համար չգրանցած մեքենա կամ չգրանցված աշխատակից չունենք: Ստացվում է՝ նախարարության մրցույթն անիմաստ բան է. դու կարող ես շահել մրցույթը, աշխատել, բայց մի օր մեկը բերի անվճար ավտոբուսներ լցնի ու հստակ մեր երթուղագծով ու նույն ժամերին ու նույն ինտերվալով աշխատի ու քո գործին խփի»:

«Կինգ դե լյուքսի» բախտին են արժանացել նաեւ «Լիոնիդ» եւ «Տրանս- կոմֆորտ» ընկերությունները, որոնք սպասարկում են Աբովյան-Նոր Հաճն, Աբովյան-Բյուրեղավան, Չարենցավան-Երեւան երթուղագծերը:

Ընդ որում՝ այս երթուղագծերի մեքենաների վարորդներին Աբովյանի քաղաքապետը, որը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է, արգելել է Աբովյան քաղաքի ավտոկայարանում կանգառել՝ պատճառաբանելով, որ այդտեղ միայն բարեգործական «պազիկները» կանգնեն:

Նկատենք, որ մի քանի ամիս առաջ կառավարությունը որոշում կայացրեց, որ միջքաղաքային եւ միջմարզային ավտոբուսները պետք է կանգ առնեն միայն ավտոկայարաններում:

Աբովյանցիները մեզ հետ զրույցում այս ամենի վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները ունեին. «Գագիկ Ծառուկյանը տեղեկացել է, որ գծատերերը ուզում են դառնալ հանրապետական, դրա համար էլ որոշել է ամեն գնով «նեղել» նրանց: Էդ անվճար «պազիկների» վարորդներին ամիսը 1,500 դոլար փող ա տալիս, էլ չենք ասում, որ էն մարդկանց, որոնք էդ ավտոբուսների կողքը կանգնած գոռում են՝ անվճար ավտոբուս ու մարդկանց ստիպում են նստել հենց էդ «պազիկները», ամիսը մի 500 դոլար էլ դրանց են տալիս»: Աբովյանցիների պատմելով, ավելին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Աբովյանում այս օրերին տուն առ տուն, «օֆիս առ օֆիս» է մտնում ու կուսակցության մանդատներ է բաժանում. «Զոռով ստորագրել են տալիս ու իրենց մանդատը թողում՝ գնում: Չենք էլ կարող հրաժարվել, մի տղայի արյունլվա էին արել՝ հրաժարվելու համար»:

«Առավոտի» հարցին, թե արդյոք օրինակա՞ն է մրցույթը շահած երթուղագծին զուգահեռ տրանսպորտի անվճար ծառայություն մատուցել, հատկապես հաշվի առնելով, որ տնտեսվարողը բարեխիղճ հարկատու է եւ վնասներ է կրում, տրանսպորտի եւ կապի նախարարությունից վստահեցրին, որ դա արվում է բարեգործական նպատակով եւ այն օրենքով չի կարգավորվում: Բայց «Կինգ դե լյուքս» ընկերության դիմումը ներկայումս նախարարությունում քննարկվում է, եւ ինչպես տեղեկացրին նախարարությունից, առաջիկայում կպարզեն խնդրի էությունը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829