Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագրատյանը պատրաստ է կոալիցիային անվճար սպասարկել

Փետրվար 23,2012 13:34

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է, որ մինչեւ մայիս ցանկացած կուսակցության անվճար մասնագիտական օգնություն ցույց կտա:

– Մարտի 1-ին կայանալու է Հայ ազգային կոնգրեսի այս տարվա առաջին հանրահավաքը: Կարծում եք, որ այն կլինի ՀԱԿ-ի հանրահավաքային շրջանի բացո՞ւմը: Դրան կհաջորդե՞ն ՀԱԿ-ի ակտիվ հանրահավաքները:

– Ենթադրում եմ՝ այո:

– ՀԱԿ-ում քննարկումներ եղե՞լ են, կարո՞ղ եք որոշակի փակագծեր բացել՝ ամսի 1-ի հանրահավաքում հիմնականում ի՞նչ հարցեր են շոշափվելու:

– Ես տեղյակ չեմ: Նման քննարկումներին չեմ մասնակցում: Միայն գիտեմ, որ նախեւառաջ պետք է հարգանքի տուրք մատուցվի «մարտի 1»-ի զոհերին:

– 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների տարելիցի առիթով այլ միջոցառումներ է՞լ են նախատեսված:

– Ելնելով ընթացիկ քաղաքական բաներից դա կլինի. ՀԱԿ-ը հարգանքի տուրք կմատուցի:

– ՀԱԿ-ը որդեգրել է մի թեզ, եւ Հայ ազգային կոնգրեսի առանցքային դեմքերն էլ մշտապես հայտարարում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նպատակ չունեն պատգամավորի մանդատ ստանալ. խնդիրը խորհրդարանում մեծամասնություն հավաքելն է, որպեսզի հետագայում հնարավորություններ լինեն Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխել: Այն պարագայում, երբ ԲՀԿ-ն վերահաստատեց կոալիցիային իր հավատարմությունը, ՀՀԿ-ի ձեռքում էլ իշխանական լծակներն են, հնարավոր համարո՞ւմ եք այդ հավակնությունների իրականացումը, մանավանդ՝ աչքի առաջ ունենալով հրազդանյան ընտրությունների փորձը: ՀԱԿ-ը կկարողանա՞ խորհրդարանական ընտրություններից ստանալ իր ուզածը:

– Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել: Անձամբ ես՝ հա, հնարավոր համարում եմ: Բայց թե ի՞նչ կստացվի՝ չեմ կարող ասել: Այսինքն՝ ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ:

– Մտավախություններ չկա՞ն, որ այն հույսերը, որ կապվում են այս ընտրությունների հետ, այն ակնկալիքները, որ կան՝ նորից չեն արդարանա:

– Իհարկե, մտավախություններ կան: Իսկ ո՞ւմ մոտ չկա: Եղե՞լ է մեկը, ով ասել է՝ մտավախություններ չունենք:

– Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցությունը:

– Դա իմ հարցը չէ, ինձ մի տվեք այդ հարցը:

– Ինչո՞ւ:

– Դե, մի քաղաքական գործչի՝ վարչապետին, չեն հարցնում նախարարի մասին: Անձնական, սուբյեկտիվ հարց ինձ մի տվեք: Դա իր անձնական գործն է: Այն աստիճանի անձնական, որ նման դեպքերում ինձ մոտ երբեք վերլուծելու պահանջ չի առաջանում:

– Անցած տարեվերջյան հանրահավաքում առաջին նախագահը ԲՀԿ-ի «ճիշտ» կողմնորոշումների վերաբերյալ հայտարարություն արեց. 2012-ի սկզբին՝ նոր կոալիցիոն համաձայնագրով, ԲՀԿ-ն վերահաստատեց իր հավատարմությունը կոալիցիային: Ի՞նչ գնահատականներ կտաք:

– Առաջին նախագահի հայտարարությունից հետո արագացավ բոլոր կուսակցությունների կողմնորոշումը, եւ ես տեսնում եմ, որ խորհրդարանական կոալիցիան որոշեց եղբայրանալ: Բայց դա՝ այս պահի դրությամբ:

– Այսինքն՝ բացառված չէ՞, որ առաջիկա զարգացումներն այլ իրավիճակի հանգեցնեն:

– Ոչինչ բացառված չէ:

– ԲՀԿ-ն Հայաստան է հրավիրել համաշխարհային մակարդակի մի շարք տնտեսագետների, որոնց օգնությամբ կազմելու է իր նախընտրական ծրագիրը, որն էլ լինելու է Հայաստանի տնտեսությունը փրկելու ԲՀԿ-ի տեսլականը: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում մենք չունեի՞նք մասնագետներ, որոնք ավելի ծանոթ են հայաստանյան իրականությանը եւ ավելի իրատեսական տարբերակներ կարող էին առաջարկել:

– Հարցի մեջ տրամաբանություն կա: Տեղյակ եմ, որ դրսից մարդկանց են հրավիրել, եւ տիրապետում եմ, թե ովքեր են: Վատ բան նրանց հասցեին ասել դժվար է, բայց նաեւ լավ բան էլ ասելու չկա առանձնապես: Այդ մարդկանց հրավիրելը եւ այլն պետք է դիտարկել PR սահմաններում:

Ես մի անգամ ասել եմ եւ նորից եմ ասում՝ ցանկացած կուսակցություն, այդ թվում կոալիցիոն, ինձ դիմի՝ կստանա ձրի օգնություն՝ այս կամ այն ծրագիրը գրելիս: Բայց ձրի կլինի մինչեւ մայիս ամիսը:

– Դժվար է պատկերացնել, որ կոալիցիոն կուսակցությունները կդիմեն Ձեզ՝ խորհրդատվության հարցերով, բայց եթե դիմեն՝ ՀԱԿ-ում խանդ չի՞ առաջանա:

– ՀԱԿ-ը որեւէ գործ չունի տնտեսագետ Բագրատյանի հետ: Բժիշկը, որ բուժում է, հո չի՞ ասում՝ կուսակցություն: Եթե որեւէ հարցով մարդիկ ինձ դիմեն, որեւէ խնդիր չի առաջանա՝ կիսվելու կամ կարծիք հայտնելու: Նաեւ՝ ես չէի ցանկանա, որ դա մեծամտություն ընկալվեր: Չեմ կարծում, որ այլ կուսակցություններում այլ ուժեր չկան: Հուսով եմ՝ կան, բայց որեւիցե մեկը խնդիր չի ունեցել եւ չի ունենա ինձ դիմելու:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829