Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի նկարիչների միության(ՀՆՄ) նախագահ Կարեն Աղամյանը, միության հիմնական խնդիրը պետական աջակցության բացակայությունն է. «Մենք պետական բյուջեի հետ կապ չունենք… Ըստ երեւույթին, դա ոչ մեկին չի էլ հետաքրքրում»:
ՀՆՄ նախագահը հավելեց, որ չկա համապատասխան օրենք ստեղծագործական միությունների մասին, մինչդեռ պետությունը պետք է ուշադրություն դարձնի կերպարվեստին, երաժշտությանը, գրականությանը եւ թատրոնին. «Տասը տարի շարունակ ասում են` օրենքը կլինի, բայց մինչեւ հիմա չկա»:
Նկարիչների միության ներկայիս գործունեության հիմնական ձեւը ցուցահանդեսների կազմակերպումն է. մասնավորապես, այսօր կբացվի Համլետ Ասատրյանի նկարների անհատական ցուցահանդեսը, վաղը կներկայացվեն Շորժայի նկարիչների տան` Սեւանում արված գործերը: Խոսելով նոր նկարիչների՝ միությանը անդամագրվելուց` Կարեն Աղամյանը նշեց, որ կատարվում է խիստ ընտրություն. Օրինակ՝ դեկտեմբերին ներկայացված 60 դիմումից ընդունվել է 14-ը. «Դա պրեստիժի հարց է: Նկարիչներն ուզում են լինել միության անդամ, քանի որ այն պահպանել է իր դեմքը»: ՀՆՄ անդամ մինչեւ 35 տարեկան նկարիչների թիվը հասնում է 100-ի, իսկ ընհանուր առմամբ` գրանցված Է մոտ 1000 անհատ:
Կ. Աղամյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է ցուցահանդես` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին, իսկ տարեվերջին` միության 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես, որի կատալոգի ստեղծումը խոստացել է ֆինանսավորել ՀՀ մշակույթի նախարարությունը: Նշենք, որ տարվա կտրվածքով Նկարիչների միությունը ցուցադրում է շուրջ 50 ցուցահանդես: Իսկ 2015թ.-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին արդեն իսկ պատրաստվում են: «Կարծում եմ` այդ դեպքում պետական աջակցություն կլինի»,-հույս ունի Կ. Աղամյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ