Արդեն հաղորդել ենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին եւ հայտարարվել է, որ այն լրամշակվել է:
Նշենք, որ ըստ կառավարության կայքէջի՝ մասնավորապես լրամշակված 9-րդ հոդվածը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը», ունի հետեւյալ տեսքը:
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
2. Ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են հետևյալ խնդիրների իրականացման նպատակով.
1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
2) ռեժիմային, հատուկ ռեժիմային և հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
3) անօրինական զինված խմբավորումների գործունեության դադարեցում.
4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետևանքների նվազեցում և վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում ու նյութական արժեքների փրկություն.
5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումների ապահովում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով, ընդ որում զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը։
Նախկին նախագծում, որը տեղադրված է խորհրդարանի կայքէջում՝ նույն հոդվածը ուներ հետեւյալ տեսքը.
1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
2. Ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են հետեւյալ խնդիրների իրականացման նպատակով.
1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
2) ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
3) զինված անօրինական խմբավորումների գործունեության դադարեցում.
4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետեւանքների նվազեցում եւ վերացում, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորում ու նյութական արժեքների փրկություն.
5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումների ապահովում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված խնդիրներն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության եւ ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով։
Ըստ այդմ՝ մի տեղ փոխվել է շարադասությունը եւ «զինված անօրինական»-ը դարձել է «անօրինական զինված», եւ ավելացել է նաեւ հետեւյալ նախադասությունը. «Զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը»: