Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն ու արհեստագիտությունը

Փետրվար 23,2012 12:53

Շատ հասկանալի է, որ ոչ մի հասարակություն կրթության գործի մեջ չի կարող շատ առաջ գնալ, եթե ուսման հետ միացրած չլինի եւ արհեստագիտությունը: Այդ կողմից Բաքվի հայ հասարակությունը պետք է կրթության խիստ ստորին աստիճանների վրա դասել: Նա ոչ միայն չի աշխատում զարգացնել արհեստը, այլեւ տակավին մի հին նախապաշարմունքով բավական արհամարհանքով է նայում դեպի արհեստավորը: Այսօր մեր հասարակության մեջ մի հարստահարող չարչի, մի ստոր գրագիր ծառայող կամ մի հազար ու մեկ խարդախությամբ հարստացած պարոն ավելի մեծ պատիվ ունի, քան իր արդար աշխատանքով ապրող արհեստավորը:

Բոլորին հայտնի է, որ Բաքուն, որպես ծովեզրյա քաղաք եւ որպես ամենահարմար նավահանգիստ, մեծ ապագա ունի, մանավանդ այն ժամանակ, երբ այդ քաղաքը միացած կլինի Փոթի-Թիֆլիսյան երկաթուղու գծի հետ: Նա եւ այժմ Անդրկովկասյան քաղաքներից առաջինը կարող է համարվել իր արդյունաբերություններով:

Այսքանը բավական է միայն հիշել, որ ամեն տարի մի քանի միլիոն փութ նա ֆոտոգեն է արդյունահանում: Դրա համեմատ արհեստագիտությունը պետք է ծաղկած լինի, որի վրա ամենեւին ուշադրություն չի դարձնում մեր հայ հասարակությունը:

Իբրեւ օրինակ ես կհիշեմ մի քանի փաստեր: Բաքվի մեջ այժմ կան վեց գլխավոր գործարաններ մեքենաներ պատրաստելու համար (Ջպսպջվօռ ջՈՉՏՊ), որոնց մեջ աշխատում են հարյուրավոր գործավորներ: Այդ գործավորները, սկսյալ առաջին վարպետից մինչեւ վերջին աշակերտը, բոլորը ռուսներ, շվեդացիներ կամ եվրոպացիք են, բայց ոչ մի հայ: Դրա հակառակ, մտեք մեր դատարանները, մեր պոլիցիան, մեր մաքսատունը եւ մեր պաշտոնական այլ հիմնարկությունների մեջ, այնտեղ կտեսնեք բազմաթիվ հայ ծառայողների, որոնց մեծամասնությունը հասարակ գրագիրներ են: Մեր ծնողները ավելի բարվոք են համարում, որ իրանց որդիները ամբողջ կյանքում գրագրի սեղանի առջեւ մաշվեն, բարակացավ ստանան, որ վերջապես չինովնիկ դառնան, քան թե, մի գործարան հանձնելով, նրանցից օրինավոր արհեստավորներ պատրաստեն:

Հուսով եմ, որ ծնողները, մանավանդ աղքատ ծնողները, ուշադրություն կդարձնեն այդ կետի վրա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

1882թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել