Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Իջեւանի ավագանու որոշ անդամներ բոյկոտում նիստերը

Փետրվար 23,2012 12:36

«Հայացք֊ը» փորձեց ավագանու անպարտաճանաչ անդամներից ճշտել, թե որն է նիստերին չմասնակցելու պատճառը։

Ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը պարզապես հայտարարեց՝ «Ես ձեր հարցին չեմ պատասխանի», եւ անջատեց հեռախոսը։ Կարեն Ներսիսյանը պատճառաբանեց, թե քաղաքում չէ եւ չի կարող պատասխանել մեր հարցերին։ Գարիկ Սուքոյանն էլ ասաց, որ արդեն մեկ շաբաթ է՝ հիվանդանոցում է, կինը հիվանդ է, այդ պատճառով էլ չի մասնակցել ավագանու վերջին նիստին։ Իսկ նախորդներին չմասնակցելու վերաբերյալ մեր հարցին չպատասխանեց։ Ավագանու անդամ Նարեկ Օհանյանը սկզբում խուսափեց պատասխանել մեր հարցերին, սակայն հետո զանգահարեց եւ խոստացավ, ու մինչեւ մարտի 1-ը ավագանին կհաստատի բյուջեն։ «Բյուջեի վերաբերյալ ճշտումներ կան, պետք է անենք, մինչեւ մարտի 1-ը մենք ժամանակ ունենք, կհաստատենք»։ Երբ հարցրինք, թե գուցե քաղաքապետին դեմ լինելու պատճառո՞վ են տապալում նիստերը, նա պատասխանեց. «Ոչ մեկ ոչ մեկի դեմ չի։ Սաղ էլ մեզ հարազատ մարդիկ են։ Մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, դրանից չի կարա քաղաքը տուժի, հասկացեք»։

Նախկին քաղաքապետի եղբայրը նույնպես ասաց, որ նիստերին չմասնակցելու պատճառը բյուջեի որոշ կետերի վերաբերյալ իրենց ունեցած անհամաձայնությունն է։ «Բյուջեն, որը կազմվել է, նորմալ բյուջե չէ, մենք մեր դիտարկումներն ունենք, որոնք չեն կատարվել։ Ի՞նչ բյուջեի մասին է խոսքը, եթե չկան հաշվետվություններ կազմակերպությունների ծախսած գումարների վերաբերյալ։ Էդ նույն բյուջեից սնված կազմակերպություններն իրենց ծախսերը չեն ներկայացնում, որ մենք տեսնենք, թե որտեղ թերություններ կան, որտեղ պետք է լրացումներ արվեն, որտեղ՝ նվազումներ։ Տարին վերջացել է, հաշվետվությունները չեն լսվել, եթե չեն լսվել, մենք կարո՞ղ ենք հաջորդ տարվա համար բյուջե նախատեսել»,- հարցադրում արեց Հրաչյա Ներսիսյանը։ Նա հերքեց այն խոսակցությունները, թե ներկայիս քաղաքապետի աշխատանքը խոչընդոտելու համար են նման քայլի գնում: «Քաղաքապետին դեմ լինելով էլ ես առաջին նիստին մասնակցել եմ։ Քաղաքապետին դեմ լինել չի նշանակում նիստերը բոյկոտել եւ ընտրյալների ձայները տեղ չհասցնել։ Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ, մենք նախորդ ավագանիում աշխատանքային ընկերներ ենք եղել, իրար հետ աշխատել ենք, հիմա ի՞նչ խնդիր կա այդտեղ»,– ասաց նա։

Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը, սակայն, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ավագանու անդամներից բյուջեի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ու դիտողություններ չեն ստացվել. «Մենք նրանց ծանուցագիր ենք ուղարկել, ծանուցագրի մեջ գրել ենք, որ կարող են իրենց առաջարկություններ գրավոր ներկայացնել։ Որեւէ գրավոր առաջարկ չի ստացվել»,- Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը «Հայացք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ընտրվելուց հետո ավագանու առաջին նիստին բոլոր անդամները մասնակցել են, սակայն նրանցից 7-ը օրակարգին դեմ են քվեարկել՝ պատճառաբանելով, թե օրակարգն իրենց ուշ է0 հասել։ Այնինչ քաղաքապետն ասում է, որ նիստից 7 օր առաջ, ըստ կարգի, պատշաճ կերպով ծանուցվել են։ «Դրանից հետո նշանակված նիստերին 6 անդամները սկսել են չմասնակցել»,- ասաց քաղաքապետը։ Նա հիշեցրեց, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքով սահմանվում է՝ եթե մինչեւ տարեվերջ համայնքի բյուջեն չի հաստատվում, պետք է աշխատեն նախկին բյուջեով։ Ղալումյանը նշեց, որ երկու օրը մեկ ավագանու նիստ է հրավիրում, մեկ օր առաջ էլ ավագանու անդամներին իրազեկում է այդ մասին։ «Իրենք իրենց լիազորությունները չեն կատարում, չեն մտածում ժողովրդի շահերի մասին։ Պետք է ժողովրդի հետ հաճախակի հանդիպեն, առկա խնդիրները լսեն, քննարկեն ավագանու նիստում, բայց նրանք անգամ նիստերին չեն գալիս»,- դժգոհեց քաղաքապետը։

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը լավատեսորեն է տրամադրված. «Կհաստատվի, ըտենց չի մնա։ Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր ընտրվել են ավագանի, կմտածեն, խորը կմտածեն ու կհասկանան, որ քաղաքի հարցերն առաջնային են»։ Մարզպետը նշեց, որ այս հարցին իր կողմից միջամտություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Չեմ կարծում, որ իմ միջամտությունը տեղին է, քաղաքապետն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ կկարգավորի»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829