Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խայտառակ գովազդային հոլովակ` 6 խախտումներով (Տեսանյութ)

Փետրվար 23,2012 12:22

-3-րդ անգամ եմ ասում, տղա’, ցած իջիր սեղանից:

Թե չէ ի՞նչ, էէէէ~, էս չգիտե՞ս ում տղեն ենք:

Դպրոցում ուսուցչի եւ աշակերտի այս «հաճելի» երկխոսությունից հետո, տեսնելով, որ դպրոցական սեղանի վրա «պպզած», ծամոնով ճտտացնող լպիրշ տղային չի կարողանում կարգի բերել, ուսուցիչը պտտվում է ու մի ուժգին հարված հասցնում նրան` գցելով գետնին: Իսկ աշակերտը, «հեսա դու քո հալը կտենաս» ասելով` զանգում  է պապային` դպրոց մարդ ուղարկելու համար:

Լպիրշ տղայի համադասարանցիները, տեսնելով ուսուցչի «քաջությունը», ոտքի են կանգնում ու ծափահարում:

Սա հայկական հերթական սերիալներից մի դրվագ չէր,ընդամենը գովազդային տեսահոլովակ է, որը այս օրերին ցուցադրվում է մեր հեռուստաալիքներով, այդ թվում` Հանրային հեռուստատեսությամբ:

Տեսահոլովակի սյուժեն ավարտվում է այսպես. «Ասում են, ավելի հեշտ է լինել անվախ, երբ առողջությունդ ապահովագրված է «Ինգո Արմենիայում»: Ինգո Արմենիա, վճարում ենք միշտ»:

Նշենք, որ «Գովազդի մասին» օրենքի համաձայն, մեր երկրում գովազդի լեզուն գրական հայերենն է:

6-րդ հոդվածի զ կետի համաձայն` «Արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է` օգտագործելով քաղաքացիներին բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաեւ բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչեր»:

Ը կետի համաձայն, արգելվում է այն գովազդը, որտեղ սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչեր եւ փաստարկումեր կան:

Օրենքի 14-րդ հոդվածով արգելվում են այն գովազդները, որտեղ պարունակվում են տեսաձայնային այնպիսի դրվագներ, որոնք կարող են բարոյական կամ ֆիզիկական վնաս պատճառել անչափահասներին:

Նույն հոդվածի «գ» կետով արգելվում են գովազդները, որտեղ խաթարվում է ծնողների եւ դաստիարակների հեղինակությունը, անչափահասների վստահությունը նրանց նկատմամբ։

Եվ ի վերջո արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին։

Անկախ այս բոլոր խախտումներից, հաշվի առնելով, որ «Ինգո Արմենիան» «վճարում է միշտ», հարց է առաջանում, ընկերությունը պատրաստ կլինի՞ վճարել այն հսկայական վարչական տուգանքը, որը նախատեսված է այս խախտումների համար ինչպես գովազդը պատրաստող, այնպես էլ հեռարձակող ընկերությունների համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829