Վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախօրեին հանդիպելով արմավիրցիներին, խնդրել է, որ քաղաքացիները հարցերով եւ առաջարկներով հանդես գան, որպեսզի ՀՀԿ-ն այդ առաջարկները ներառի իր նախընտրական ծրագրում։
Սակայն ոչ մի առաջարկ չի հնչել, միայն արմավիրցի Ջուլիկն է, մոտենալով դահլիճում տեղադրված խոսափողին, երկխոսության մեջ մտնել վարչապետի հետ։
Արմավիրի մարզպետը ու այլ պաշտոնյաներ, տեսնելով տիկին Ջուլիկին, միանգամից գցել են գույները։ «Պարո՛ն վարչապետ, պետությունից, արժանապատիվ ապագայից եւ ապրելակերպից եք խոսում, իսկ ո՞նց եք կարծում՝ մարդն ինչպե՞ս կարող է ապրել այս քաղաքի ու պետության մեջ»,- վարչապետին հարց է ուղղել Ջուլիկը, այնուհետեւ բողոքել Արմավիրի քաղաքապետից, որ վերջինս թույլ չի տալիս իրեն օգտվել իր սեփականության իրավունքից. «Ես այդ հարցով Ձեզ էլ եմ դիմել ու բոլոր թղթերը Ձեզ եմ ուղարկել, անգամ Ձեր թեժ գծին էլ եմ զանգել, պատասխան չկա, ու վերջ»։ Կինը նաեւ վարչապետին է ներկայացրել Արմավիրի քաղաքապետի՝ իր տան առջեւ ապօրինի շինարարություն իրականացնելու փաստը։
Վարչապետը հետաքրքրվել է, թե տիկինն ի՞նչ կարող է աշխատել, ի պատասխան՝ Ջուլիկը հնչեցրել է. «Հարցն այստեղ ինչ ուզել աշխատելը չի, խոսքի կարամ քաղաքապետ էլ աշխատեմ»։ Փորձելով խուսափել կնոջ հետ երկխոսությունից վարչապետն առաջարկել է, որ Ջուլիկն իր բողոքը եւ համապատասխան թղթերը տրամադրի իր օգնականին, սական տիկինը դժգոհ պատասխանել է. «Ես ասում եմ՝ բոլոր թղթերն ուղարկել եմ Ձեզ, Դուք ասում եք՝ տուր օգնականիս»։ Ի դեպ, այս երկխոսությանը հետեւել է նաեւ Արմավիրի քաղաքապետը, ով, ըստ մեր տեղեկությունների, վերջում մի լավ ծիծաղել է։
Կարդացեք նաև
«Երկիր»