Արդեն տասն օրից ավելի է՝ երիտասարդներ ի մի խումբ համառ պայքար է մղում Երեւանի Մաշտոցի պուրակի «բուտիկապատման», բետոնացման եւ յուրացման՝ իշխանությունների որոշման դեմ։ Ողջունում եմ, որ մեզանում կան այդպիսի երիտասարդներ, ովքեր քաղաքացիական արիություն են դրսեւորում եւ անվախ կանգնում ոչնչացնողների ճանապարհին։ Ովքեր կարծես թե չեն ուզում գիտակցել, որ հանրային տարածքների՝ այգիների, պուրակների, ժողովրդին պատկանող ունեցվածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, յուրացման փորձ ուղղակի բարբարոսություն է։ Մեկ կանաչ թուփ կտրելն անգամ կարելի է բարբարոսություն անունով կոչել, առավել եւս՝ այգիների համատարած ոչնչացումը։ Թեեւ վերջին օրերին որոշակի նահանջ է նկատվում, եւ կարծես թե այգու շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, սակայն չի կարելի վստահ լինել, որ իշխանություններն այս հարցում զիջեցին։ Թեպետ մի բանում կարող ենք վստահ լինել. եթե այս պայքարն այդ ոգով շարունակվի, ապա արդյունքը հաստատ դրական է լինելու, եւ երիտասարդները հաղթանակով կավարտեն իրենց պայքարը: Տարածքի վարձակալ հայտնի չինովնիկների փաստն էլ չի կարող դրանում խոչընդոտ հանդիսանալ, ի վերջո նրանք ժամանակավոր են այս երկրում, եւ մեր երկրի իրական տերը հենց ժողովուրդն է։
Զոյա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Հրապարակ»