Երեկ՝ փետրվարի 21-ին, միջադեպ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 22-ին, Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արթուր Սերոբյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ վիրաբույժ Երեմ Շմավոնյանը հայտնել է, որ Ա. Սերոբյանը հիվանդանոց է բերվել գանգուղեղային վնասվածքով եւ աջ դաստակի ոսկրի կոտրվածքով։ Այս պահին նա բժիշկների կողմից հետազոտվում է։
Կարդացեք նաև
Հիվանդանոցում են գտնվում նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու տեղամասային տեսուչները։ Հիվանդանոցում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երեկ երեկոյան Արամուս գյուղում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ 15 հոգուց ավելի անձինք հարձակվել են Ա. Սերոբյանի վրա, ինչի հետևանքով էլ նա ստացել է վնասվածքները։ Հարձակվողները եղել են Արամուս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանի բարեկամներն ու ազգականները։
Թե ի՞նչն է եղել վիճաբանության պատճառը, ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Սերոբյանի կինը՝ Լարիսա Միքայելյանը, պատմել է, որ իրենց տղան՝ 15-ամյա Արտյոմ Սերոբյանը, ով ունի հենաշարժական ապարատի խնդիրներ, քայլում է դժվարությամբ, իսկ տնօրենը հրաժարվել է երեխային ընդունել դպրոց՝ պատճառաբանելով թե՝ «երեխային տար ուրիշ դպրոց»։ Ծնողներն էլ մի քանի անգամ այդ հարցը ցանկացել են քննարկել տնօրենի հետ, սակայն նա հրաժարվել է լսել ծնողներին։ Մայրը պատմել է նաև, որ այդ մասին տեղյակ է եղել նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով զարմացել է ու խոստացել, որ հետամուտ կլինի հարցի լուծմանը, սակայն սայլը տեղից չի շարժվել։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն է սկսվել։