Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ սուպերսթարը» լքեց 2 մասնակից. Նրանք տխուր են, բայց ոչ հուսալքված

Փետրվար 22,2012 21:13

Հայտնի են արդեն այն մասնակիցների անուններն, ովքեր չեն շարունակելու պայքարը «Հայ սուպերսթար»  նախագծում: Այսօր կայացավ 2-րդ գալա համերգի ամփոփիչ փուլը, «վտանգավոր գոտում»  էին հայտնվել 3 մասնակից՝ Անահիտ Հարությունյանը, Լիլիթ Խաչատրյանը և Վարդինե Ավագյանը: Հիշեցնենք, որ այս անգամ նախագիծը պետք է լքեին 2 մասնակից: Հեռուստադիտողների քվեարկությամբ պայքարը թողեցին Լիլիթն ու Վարդինեն, որոնց անուններն էլ, որպես թույլ մասնակիցներ, հաճախ էին նշում ժյուրիի 4 անդամները: Նրանցից Գարիկ Պապոյանը համաձայն է հեռուստադիտողի կայացրած որոշման հետ. «Համաձայն չեմ, որ էրեխեքը այդպես երգեցին, իրենք չպետք է այդպես երգեին: Երբ որ իրենք այդպես են երգում, հեռուստադիտողն էլ պետք է այդպես քվեարկի»:  Ըստ Գարիկի՝ վատ ելույթների պատճառը փորձի պակասն է. «Ամեն ինչ այնքան արագ է կատարվում: Մասնակիցների համար իրենց կյանքը փոխվում է: Իրենք չգիտեն՝ ուշադրություն դարձնեն մեկնաբանությունների՞ն, որ իրենց գրում են, երթուղայինի վարորդների՞ն, որ գումարը չեն վերցնում, թե՞ որ դուրս են գալիս և 1000 հոգու աչքերի մեջ են նայում: Բայց մեկ է՝ փորձ չկա իրենց մոտ, որ հարմարավետ զգան բեմի վրա»:

Անահիտը այսօրվա ամենահուզված մասնակիցն էր, մեր հետ զրույցում էլ հուզմունքը թաքցնել չէր կարողանում. «Դեռ վատ եմ. շոկի մեջ եմ»,- նշում էր Անահիտը, սակայն ասում, որ ինքն իր ելույթից այնքան էլ գոհ չէր. «Սպասում էի, որ կհայտնվեմ «վտանգավոր գոտում»: Վտանգավոր գոտում էլ հույսը չէր կորցնում, ցանկանում էր շարունակել պայքարը, ինչպես ասում է, ուղղել այն սխալները, որ անցած համերգին էր թույլ տվել: «Այնտեղ կանգնած մտածում էի, որ հնարավոր է դուրս գամ, բայց մյուս կողմից էլ նկատում էի՝ ախր ինչի՞, մնամ»:


«Հայ սուպերսթարն ինձ տվեց բեմ, լուսավորություն, որ ես կարողանամ ազատ երգել». Լիլիթ Խաչատրյան

Լիլիթն այսօր թողնում է պայքարը  «Հայ սուպերսթարում» , սակայն չի ընկճվում. «Հիմա ես շատ չեմ կոտրվում, ընդհանրապես չեմ կոտրվում,- ժպիտով նշում է Լիլիթը,- ամեն ինչ պատահում է, սա մրցույթ է, որը տալիս է և կյանքի փորձ, և մասնագիտական փորձ՝ հետագայում ուղին ճիշտ շարունակելու համար»: Հիշում է՝ քույրն առանց իրեն զգուշացնելու է լրացրել մասնակցության հայտը: Սկզբում էլ չէր հավատում, որ հնարավոր է եզրափակիչ փուլ հասած 12 մասնակիցների մեջ ինքն էլ լիներ. «Ես դասական եմ երգում, իմ հնարավորությունների սահմանը չգիտեի» :
Պայքարից դուրս մնալը կապում է վատ ելույթի հետ, այլ ոչ թե վատ ձայնի. «Շատ մասնակիցներ կան, որ հիանալի հնարավորություններ ունեն, բայց ցույց տվեցին կեսը» :
Լիլիթն ունի մեկ երազանք. «Որպեսզի լինեմ լավ մարդ և լավ երգիչ, առանձնանամ իմ ամեն ինչով: Դա ինձ համար կլինի երազանքի իրականացում»:
Նրան այս մի քանի շաբաթը  «Հայ սուպերսթարում»  շատ բան տվեց, թվարկում է. «Մեծ փորձ, լավ ընկերներ, բեմ, լուսավորություն, որ ես կարողանամ ազատ երգել» :
Ամենահիշարժան դեպքը Հայ-սուպերսթարում իր ծննդյան 20-ամյակն էր. «Իմ ծնունդը նշեցինք Շանթի եթերում (ծիծաղում է) »:


 «Հետագայում կարող եմ ինչ-որ բան ստեղծել՝ թեկուզ 0-ից» .  Վարդինե Ավագյան

Վարդինեն ընկերուհու հետ զբոսնում էր, երբ որոշեցին գնալ ու  «Հայ սուպերսթարին»  մասնակցելու հայտեր լրացնել. «Մտածեցինք` ինչ լինում է, թող լինի» : Ինչպես ասում է՝ ամեն փուլն անցնելուց հետո մտածում էր, որ այս մի փուլն էլ անցնի, հետո ոչինչ՝ ինչ կլինի, կլինի: «Բայց 12-ի մեջ պատկերացնում էի ինձ: Ուզում էի, որ կարողանամ ինձ լինովին ներկայացնել, ցույց տալ այն, ինչ որ ունեմ» : Այս մի քանի շաբաթվա ծանր ռեժիմին սովոր չէր. «Շատ եմ հոգնել: Կարող է՝ դրանից սկսել եմ ավելի վատ պատրաստվել, երգել» : Չնայած նախագծում մնալու կարճ ժամանակահատվածին` Վարդինեին փողոցում ճանաչում են, նա էլ ժպիտով խոստովանում է, որ դա իրեն դուր է գալիս. «Համալսարանում էլ դասախոսները դաս պատասխանելու փոխարեն՝ խնդրում են, որ երգեմ» :
Վարդինեն միշտ էլ մտածել է, որ երգելու է համալսարանում՝ ինչ-որ առիթների ժամանակ, սակայն լուրջ երգարվեստով զբաղվելու մտադրություն չի ունեցել. «Բայց հիմա, որ երգել եմ, գիտեմ, ցանկանում եմ: Կփորձեմ ինչ-որ ձևով առաջ գնալ» :
Ժյուրիի անդամների դիտողություններից էլ իրեն վատ չի զգում. «Կփորձեմ հետագայում աշխատել իմ սխալների վրա» : Նախագծից դուրս մնալն էլ իր համար այնքան էլ զարմանալի չէր. «Քանի որ այնքան էլ լավ չեմ ներկայացել, սպասելի էր, որ պետք է դուրս մնամ: Կարծում եմ ՝ հետագայում կարող եմ ինչ-որ բան ստեղծել՝ թեկուզ 0-ից»:

 

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829