Լրահոս
Օրվա լրահոսը

Միջբուհական բանավեճ-մրցույթում պարտվողը հայերենն է

Փետրվար 22,2012 21:20

Այսօր առավոտյան զանգահարեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակիցը եւ դժգոհեց «Առավոտի» Մայր բուհում ոտնահարվում է մայրենի լեզուն հրապարակումից: Հիշեցնենք, որ այդ լուրում ասված էր. «ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 27-ին կազմակերպում է միջբուհական բանավեճ-մրցույթ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ: Բանավեճի թեման է «Արդի տնտեսական իրադրությունը և համաշխարհային քաղաքականությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ բանավեճ-մրցույթի «աշխատանքային լեզուն» ռուսերենն է»:

Աշխատակիցը դժգոհում էր լուրի վերնագրից: Եվ որպես փաստարկ նախ նշեց, թե սա «միջազգային գիտաժողով» է, սակայն հակափաստարկ ներկայացրինք, թե սա ընդամենը բանավեճ-մրցույթ է: Հետո նշեց, թե այն հայ-ռուսական մի միջոցառում է, եւ էլի հակափաստարկ ներկայացրինք, թե սա մրցույթ է հայկական երկու բուհերի միջեւ: Ի վերջո, նշեց, թե ռուսերենը սլավոնական համալսարանի մասնագիտական լեզուն է: Սակայն պայմանավորվեցինք, որ ավելի ուշ մանրամասն զրուցելու ենք վարչության ղեկավարի հետ, որի հետ հույս ունեինք պարզաբանել մասնավորապես, թե ինչ ասել է տվյալ դեպքում «մասնագիտական լեզու», եւ ինչու եթե մեկի «մասնագիտական» լեզուն օտար է, մյուսինը՝ հայերենը, բանավեճ-մրցույթի ընթացքում աշխատանքային լեզուն պիտի դառնա ռուսերենը:

Քանի որ չնայած նախնական պայմանավորվածությանը՝ հեռախոսազանգ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհետեւեց, հրապարակավ եմ ԵՊՀ պատասխանատուներին հիշեցնում «Լեզվի մասին» օրենքի որոշ դրույթներ:

Հոդված 2. Կրթության լեզուն

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Հոդված 4. Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են.

ա) գործավարությունը կատարել հայերեն,

բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը:

Այնպես որ, կազմակերպեք ձեր բանավեճ-մրցույթը մեր պետական լեզվով: Իսկ եթե Սլավոնական համալսարանի ուսանողները ՀՀ քաղաքացի չեն ու հայերեն չեն հասկանում՝ ապահովեք նրանց համար զուգահեռ հայերեն թարգմանություն: Այլապես պնդումը, որ Մայր բուհում ոտնահարվում է մայրենի լեզուն՝ մնում է ուժի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829