Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հետ վերադարձնելու մասին: Վիճահարույց այս օրինագիծն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ, ինչպես խորհրդարանական ընդդիմությունն է պնդում՝ կեղծիքներով եւ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու շնորհիվ:
Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ կառավարությունը որոշեց լրամշակել այս օրինագիծը, որի պաշտպանությամբ հանդես էին եկել կառավարության ներկայացուցիչները, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Սա փորձ է փրկելու իրավիճակը, որովհետեւ այն խայտառակությունը՝ կեղծիքը, տեղի ունեցավ ԱԺ-ում հե՛նց այս օրինագծի քվեարկության ժամանակ: Բացի այդ, այս օրինագծի վերաբերյալ կար բուռն քաղաքական դժգոհություն, որն արտահայտվել էր դեռ օրենքի՝ առաջին ընթերցմամամբ քննարկման ժամանակ, երբ անթույլատրելի համարվեց բանակի ներգրավումը ներքաղաքական պրոցեսներում: Ես կարծում եմ, այդ օրինագիծը չափազանց վատ ընթացքի մեջ էր թե՛ բովանդակության, թե՛ պրոցեսուալ իմաստով, եւ վարչապետի քայլն այս օրինագիծը փրկելու եւ նոր գործընթաց սկսելու հնարավորություն է տալիս»:
Կարծում եք, որ կառավարությունը լրամշակման արդյունքում վերանայելու է օրինագծի վիճահարո՞ւյց դրույթը, թե՞ նրա նպատակը օրինագիծը կրկին շրջանառության մեջ դնել եւ ընդունելով այն պարզապես լեգիտիմացնելն է: Մեր այս հարցին պարոն Սաֆարյանը պատասխանեց.«Ժառանգության» բոլոր պատգամավորներն իրենց բոլոր ելույթներում ասել են, որ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, եւ եթե կառավարությունն ուզում է խախատել Սահամանդրությունը՝ ապա կարող է նույն ոգով շարունակել, եթե ոչ՝ բնականաբար, օրենքի ետկանչը հրաշալի առիթ է այդ դրույթները հանելու համար: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ կառավարությունը պետք է հանի այդ դրույթը, որովհետեւ դա ակնհայտորեն չի բխում ՀՀ միջազգային պարտավորություններից ու նաեւ հակասում է «մարտիմեկյան» խորհրդարանական հանձնաժողովի եզրակացություններին, հետեւաբար՝ ՀՀ իշխանությունները կարող են, գոնե, արտաքին դաշտում հաշվետու լինելու իմաստով լուրջ խնդիրների առաջ կանգնել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ կեղծված քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունված այս օրինագիծը պետք է շրջանառությունից հանվի:
Կարդացեք նաև