ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական ղեկավար
Բունդեսթագ, Բեռլին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կարդացեք նաև
Հարգելի գործընկեր,
Ինձ հայտնի է դարձել, որ ձեր խորհրդարանական խմբակցությունը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում մեր գործընկերը, շուտով հայտարարություն է ընդունելու կամ առնվազն մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծ:
Քաղաքական խոսքի ազատությունը անչափ կարեւոր է, սակայն ճշմարտությունը գերագույն արժեք է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) oրինական ճանապարհով ստեղծվեց 1991թ.-ին` լիովին համապատասխանելով այդ ժամանակ գերակա խորհրդային օրենսդրությանը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, որոնք արտահայտված են ինքնիշխան պետությունների ձեւավորմանը եւ ճանաչմանն առնչվող Մոնտեվիդեոյի կոնվենցիայում:
Ոչ մեկը, ոչ ձեր պետությունը եւ ոչ էլ մեր հիմք չունի սահմանափակելու այլոց՝ հնամյա, թե նորաստեղծ, ազատության եւ ինքնորոշման հիմնարար իրավունքը: Սա հատկապես ճշմարիտ է Լեռնային Ղարաբաղի պարագայում, որի ժողովուրդը այն նույն ժամանակ, երբ փլուզվում էր ձեր մայրաքաղաքը երկար բաժանած Մեծ Պատը, վերացրեց Ստալինյան «բաժանիր եւ տիրիր» ժառանգությունը` սկզբնավորեց սահմանադրականության, ազատության ու անկախության հիրավի հաջողված փնտրտուք եւ պաշտպանեց իր հայրենակալվածքը խորհրդային, այնուհետ ադրբեջանական անհաջող հարձակումներից:
Հետպատերազմյան Գերմանիան, ի տես նախորդ վարչակարգի կողմից մարդկության դեմ գործած հանցանքներին առերեսվելու, փոխհատուցելու եւ հաղթահարելու իր բացառիկ փորձառության եւ դրա արդյունքում ձեռք բերված իրավունքների, ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության վերականգնման համաշխարհային առաջնորդության, պետք է լինի առաջինը, որ կճանաչի ձեւավորվող պետական միավորների օրինական ստեղծումն ու տարածքային ամբողջականությունը եւ պատմական անարդարությունների ուշացած ուղղումը: Թե ներպետական, թե միջազգային հարաբերություններում օրենքի, կամ ավելի ստույգ՝ իրավունքների գերակայությունը գործում է ընդդեմ sui generis ժամանակավրեպ թեզի արհեստական եւ հատվածական կիրառման:
Ավելին, Գերմանիայի երբեմնի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանն ու Մեծ Հայրենազրկմանը, ինչի մասին պատշաճ վկայում են ձեր սեփական դիվանագիտական եւ ռազմական պահոցները, հավելյալ հիմք է պաշտոնապես ճանաչելու Հոլոքոստին նախորդած այդ անօրինակ ոճիրը եւ Թուրքիայի Հանրապետության հետ մեկտեղ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ժխտողականության այս ամոթալի դարաշրջանը փակելու, Հայկական լեռնաշխարհի արեւմտյան հատվածի բռնազավթման անդրադառնալու եւ հայ ժողովրդին իրավազոր առնչակցությունը իր հայրենիքի հետ վերականգնելու համար:
Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական, ոչ շինծու կարգավորումը Հայաստանի համար վճռորոշ նշանակություն ունի, սակայն ոչ երբեք պատմական հիշողության, արդի իրավունքների եւ մարդկային արժանապատվության հաշվին: Il faut assumer l’histoire.
Բոլոր պետությունների եւ բոլոր կուսակցությունների թվում հատկապես դուք պետք է լավագույնս ընկալեք արժեքների, խղճի եւ հրապարակային քաղաքականության այս հրամայականը:
Հարգանոք`
Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր
Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար
Հայաստանի Հանրապետություն