Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀԱԿ ակտիվիստների դատական նիստը, որի ընթացքում ցուցմունք տվեցին 3 տուժող ոստիկան, այդ թվում` ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը: Ըստ նրա, դեպքի օրը՝ 2011-ի օգոստոսի 9-ին, Կարապի լճի մոտ ոստիկանների հետ բախումների ժամանակ Տիգրան Առաքելյանը, տեսնելով իրեն, ասել է` «Եկա՞ր, հավաքիր զորքդ ու ստեղից ռադ եղի», անկանոն շարժումներ է արել, հայհոյել, կախվել «ոստիկանի դոշերից»: Իսկ իրենք՝ ոստիկանները ընդամենը զգուշացրել են, որ «Տիգրա՛ն, պետքի չի կախվել ոստիկանի դոշերից»:
Երբ դատավոր Գագիկ Պողոսյանը եւ մեղադրող կողմը տուժող ոստիկաններից մեկից՝ Հայկ Նաջարյանից հետաքրքրվեցին՝ դուք չէ՞իք հայհոյում, միայն նրա՞նք էին հայհոյում, վերջինս պատասխանեց. «Ո՞նց, մենք ո՞նց կարող էինք հայհոյել, ոստիկանն իրավունք չունի հայհոյել»:
Ցուցմունք տվող ոստիկանները պատմում էին, որ իրենք տեսել են, թե ինչպես են ՀԱԿ-ի ակտիվիստները գցել գետնին ու ոտքերով հարվածել ոստիկան Արսեն Մելքոնյանին: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը վերջինիս զննության ենթարկելով՝ ոչինչ չի արձանագրել: Մելքոնյանի պատմելով՝ դեմքը ձեռքերով փակել է, բայց մատների արանքով տեսել է, որ ծեծողները Տիգրանն էր, Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս Գեւորգյանը:
Ի դեպ, դեպքի օրը Տիգրան Առաքելյանի ասած «տո լավ, դու ի՞նչ ոստիկան» արտահայտությունը, որը պարբերաբար դատական նիստերում հիշեցնում են տուժող ոստիկանները, ակտիվիստներն ինչ-որ տեղ կապում են դեպքին մասնակցած ոստիկան Հայկ Նաջարյանի՝ ձախ ձեռքին արած դաջվածքի հետ, որը, ըստ նրանց, հարիր չէ ոստիկանի կերպարին: Ուստի ակտիվիստ Արտակ Կարապետյանը փորձեց տուժող Հայկ Նաջարյանին հարցնել՝ ձեր կարծիքով ոստիկանն իրավունք ունի՞ տարատեսակ դաջվածքներ ունենալ՝ մարմնի երեւացող հատվածներում: Դատավորը հարցը հանեց եւ թույլ չտվեց պատասխանել:
Կարդացեք նաև
Դատական հաջորդ նիստը նշանակվեց ամսի 27-ին, ժամը 12-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ