«Ժամանակ մի՛ կորցրու, կարդա» ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվեց:
2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել մրցույթին, 800-ը անցել կիսաեզրափակիչ. հաղթել են 55-ը. նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են: Դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երևանի քաղաքապետարանի և «Էդիթ-պրինտ» հրատարակչության գործակցությամբ: Արդյունքներից կազմակերպիչները գոհ են: Մրցույթը թեեւ ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ ոգեւորությամբ: Շուրջ տասը ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրափնջերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով և ասմունքել:
55 հաղթողներից 41-ը խրախուսական, իսկ 14-ը մրցութային և հատուկ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Հաղթողները նվերներ են ստացել կազմակերպիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Կուսակցության կանանց խորհուրդը 41 խրախուսական մրցանակակիրներին գրքեր ու բառարաններ է նվիրել, իսկ տարիքային երկրորդ խմբի հաղթողը Երեւանի քաղաքապետարանից որպես պարգև netebook է ստացել: Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝ Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների հեղինակների և ուսուցիչների:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն