Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցուցմունքը գրված է մի ձեռքով»

Փետրվար 22,2012 18:40

Փետրվարի 21-ին   Իջեւանում կայացավ  2010թ. հուլիսի  27-ին   Բերդի տարածաշրջանի  «Մեհրաբներ» զորամասում  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը:

Ներկա էին գործով  5  ամբաստանյալները, մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը, ամբաստանյալների պաշտպաններ  Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը, Ալվարդ Մնացականյանը,  բացակայում էին տուժողի իրավաջորդ Ծովինար Նազարյանը , վերջինիս  ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը,  իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը,    պաշտպան Ազատ Շահբազյանը:  Զարմանալի է, որ այս դատավարությունը լրատվամիջոցների ուշադրությանը չի արժանանում, ներկա միակ լրագրողը տողերիս հեղինակն էր, նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրի օպերատորն էր տեսագրություն կատարում:

Նիստի ընթացքում ներկայացվեցին գործով առանցքային վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները, նաեւ գործով մեղադրյալների   հետ վկայի առերեսման  արձանագրությունները եւ  դրանց տեսագրությունները:  Պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը եւ Հրանտ Գեւորգյանը դատարանում հայտնեցին, որ բարոյական  չէ տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցիչների բացակայությամբ նիստ անցկացնելը: Ամբաստանյալների պաշտպանները  ոչ արժանահավատ էին  համարում վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները:

Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան  Հրանտ Գեւորգյանը դատարանում զարմացավ, թե ինչպես կարող էր 22 օր ռազմական ոստիկանությունում գտնված Արման Մնացականյանը  ազատ եւ անկաշկանդ ցուցմունքներ տալ,  կիսագրագետ, ոչ շարային ծառայության պիտանի  վկան   ցուցմունքներում  օգտագործել է «գերակայություն», «նախորդ մարտական հերթափոխ» եւ այլ արտահայտություններ:  Ցուցմունքներից մեկի տակ  վկա Ա. Մնացականյանը գրել էր ` «ցուցմունքը  գրված է մի ձեռքով»: Հրանտ Գեւորգյանը դատարանում հայտարարեց, որ նախաքննական մարմինը  գործի կապակցությամբ համակողմանի քննություն չի կատարել, ուղղորդվել է միայն այն վարկածով, որ 2010թ. հուլիսի 16-ից 27-ը լեյտենանտ Արտակ Նազարյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել, ինչը հանգեցրել է ինքնասպանության:

Պաշտպան Ալվարդ Մնացականյանն էլ վկայի ցուցմունքները համարեց «ոչ արժանահավատ եւ շինծու»: Ամբաստանյալ ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը ասաց, որ մի հարցաքննության ժամանակ վկա Ա. Մնացականյանը հայտնել է , որ Վ. Հայրապետյանը  կապիտան Հակոբ Մանուկյանի հետ բազում հարվածներ է հասցրել Արտակ Նազարյանին, հետո  ցուցմունք  է տվել , թե Վ. Հայրապետյանը ընդամենը մի հարված է հասցրել Ա. Նազարյանին, չկարողանալով նշել, թե Արտակի մարմնի որ մասին է դիպել այդ հարվածը:  Պաշտպան Լ. Պողոսյանի խոսքերով` նախաքննության հետագա փուլում Վահագն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելը նպատակ ուներ բավարարել տուժողի ներկայացուցիչների բողոքը, որը սակայն չի հաջողել: Մեղադրող Հարություն Հարությունյանն էլ վկայի ցուցումունքների մեջ եղած տարբերությունները բացատրեց այն բանով, որ դրանք ճշմարիտ են,  քննիչի կողմից ուղղորդված կամ համակարգված չեն: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 28-ին:

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829