Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը պայքարում է «դեղագողության» դե՞մ

Փետրվար 22,2012 18:29

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը անսպասելի հյուրեր է ուղարկել Գյումրու հիվանդանոցներ: Դեղերի թանկացման ֆոնի վրա կառավարության ղեկավարի վերահսկողական ծառայությանը հետաքրքրել է, թե ի՞նչ ճանապարհով են   հիվանդանոցների տնօրենները դեղորայք ձեռք բերում, ի՞նչ գնով, արդյոք դրանց համար մրցույթ հայտարարո՞ւմ են, և կա՞ն արդյոք խարդախ գործարքներ, երբ ասենք տնօրենը,   հանցավոր  համաձայնության գալով դեղերի առքուվաճառքով զբաղվող կազմակերպության հետ, 1000 դրամանոց դեղը 5000-անոցի տակ է ձևակերպում: Մի խոսքով, վարչապետին հետաքրքրել է, թե ինչպես են ծախսվում պետության գումարները:

Այցը եղել է  կարճատև, սակայն բավականին մեծ լարվածություն է ստեղծել հիվանդանոցներում, հատկապես, որ որոշակի փաստաթղթեր են առգրավվել: «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը  հաստատեց  մեր այս տեղեկությունը` նշելով սակայն, որ դրանք ոչ թե ստուգումներ են եղել, այլ ուսումնասիրություններ:

Ի դեպ, որպես ուսումնասիրության թիրախ Գյումրիի ոչ բոլոր բուժհաստատություններն են ընդրգրկվել: Առանձնացրել են, այսպես ասած, ռիսկայնություն պարունակող հիվանդանոցները, օրինակ` հոգեբուժարանը, ուռուցքաբանական դիսպանսերը, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը, որտեղ ինքնակամ բուժվողներից զատ, հայտնվում են բոլոր  դժբախտ պատահարների, այդ թվում նաև «ռազբորկաների» զոհերը: Ստուգումներ է անցկացվել նաև  «Սամարիթեր» հիվանդանոցում, որտեղ մեկ տարի առաջ` ճիշտ այս ժամանակ,  գիշերով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերահսկիչ հանձնախումբ ուղարկեց ու,  դժգոհ մնալով հիվանդանոցի հիգենիայից, դեղերի կոծկված գնացուցակից, որոշ աշխատակիցների նկատողություն տվեց: Այս հիվանդանոցները ընտրվել են նաև այն պատճառով, որ վերջիններս են օգտագործում «Պետգնումների մասին» ՀՀ  օրենքը, համաձայն որի՝  1 միլիոնից ավելի ապրանք գնելու դեպքում պարտավոր են մրցույթ հայտարարել:

Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է վարչապետը գաղտնի խումբ ուղարկել հիվանդանոցներ: «Վարչապետին գուցե այնպիսի բան է հետաքրքրում, որ ես էլ տեղյակ չեմ, հպանցիկ հանդիպում է եղել խմբի հետ, և գիտեմ, որ փաստաթղթային ստուգումներ են կատարվում` ճի՞շտ են դրանք ձևակերպված, թե՞ սխալ», -ասաց վարչության պետը: Նա նաև տեղեկացրեց, որ խումբը հպանցիկ հանդիպում է ունեցել նաև Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հետ ու հետաքրքրվել  է Գյումրիում նոր կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոցով,  նաև դիահերձարանի շենքի խնդրով, որը, ըստ վարչության պետի, մարզի խայտառակությունն է: Նշենք, որ թեև պարոն Հովհաննիսյանը վարչապետի վերահսկողական ծառայության բուն այցի մասին մեզ մանրամասներ չհայտնեց, սակայն շրջայցի ընթացքում  նա   անձամբ է  վարչապետի մարդկանց հիվանդանոցներ ուղեկցել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829