Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունները կանցնեն 2 +1 բանաձեւով

Փետրվար 22,2012 16:26

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցումների արդյունքում ԱԺ ընտրություններն ընթանալու են հիմնականում երկու իշխող կուսակցությունների միջեւ: Ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն այսօր մամուլի ազգային ակումբում ասաց, որ ընտրողների ձայների 75 տոկոսը ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ-ին է բաժին ընկել. «Այսօրվա վիճակով, պարզ երեւում է, որ անցողիկ վարկանիշով Ազգային ժողովում ընդգրկվելու են երկու իշխանական ու մեկ ընդդիմադիր կուսակցություն, այսինքն ընտրություններն ընթանալու են 2+1 բանաձեւով»:

Սոցիոլոգի խոսքերով, խորհրդարանական այս տարվա ընտրություններն առանձնահատուկ են լինելու. «Կանխատեսելի արդյունքերով , բայց անսպասելի ընդհարումներով ընտրություններ են սպասվում»:

Ընտրողների 25 տոկոսը բաժին է ընկնում ընդդիմադիր մյուս կուսակցություններին` Դաշնակցություն, ՕԵԿ ու «Ժառանգություն». «Այս կուսակցությունները շանս ունեն անցնելու, բայց հնարավոր է եւ չանցնեն: Այս երեքն էլ իրար մեջ են պայքարելու»:

Սոցիոլոգի խոսքերով, վերջին տարիներին, քաղաքացիներն ավելի ակտիվ են ընտրություններին մասնակցում, որովհետեւ նրա համոզմամբ, ընտրողն ավելի քննադատաբար է վերաբերում իշխանություններին. «Լուրջ պայքար է լինելու, դժվար ընտրություններ: Ընտրողն այսօր ուրիշ է, ավելի պահանջկոտ է ու հեշտությամբ նրանից ձայն հավաքել չի լինի»:

Պարոն Պողոսյանի խոսքերով, կուսակցություններից եւ ոչ մեկին չի հաջողվի ԱԺ-ում մեծամասնություն կազմել. «Այսօրվա դրությամբ, ՀՀԿն առաջատար դիրքերում է, բայց խորհրդարանում 50 տոկոսից ավելի ձայն չի ունենա»:

Նշենք, որ ասոցիացիայի հարցումներն անցկացվել են 1000 հոգու շրջանում, փետրվարին, բոլոր տարիքասեռային խմբերի մեջ. «Ընտրողների 75 տոկոսը հստակ գիտի` ում է ընտրելու: Հայ ընտրողի պարադոքսն է, որ ինչքան էլ բողոքում են իշխանություններից, միեւնույն է ձայները տալիս են իշխանություններին: Իշխանամետ ենք, պետականամետ»:

Ընտրությունների արդյունքների վրա վարչական ռեսուրսների ազդեցությունը եւս առաջիկա ընտրություններին անխուսափելի կլինի. «Ներքին ավանդական մեթոդները ազդում են, իսկ ահա արտաքին գործոններն ավելի քիչ կլինեն, որովհետեւ իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը, Եվրոպան ու Միացյալ նահանգները իշխանափոխության խիստ խնդիր չեն դրել»:

Սոցիոլոգը դժվարացավ ասել, թե հետընտրական զարգացումները կլինե՞ն, թե՞ ոչ. «Կլինի, եթե ՀԱԿը չհավաքի այնքան ձայն, ինչքան ենթադրում է հավաքել»:

Իսկ ինչ վերաբերում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ԲՀԿ անդամագրվելուն, սոցիոլոգի կարծիքով, նրա ներկայությունը ԲՀԿ-ն կուժեղացնի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829