Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 104-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով։ Ինչպես Նուբարաշենից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 11:50-ի սահմաններում, շտապօգնության թիվ 4-րդ ենթակայանից ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք տեղեկացրել են, որ թիվ 42 բրիգադան կանչով մեկնել է Նուբարաշեն վարչական շրջանի Ա-14 թաղամասի թիվ 1 տուն, որտեղ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դիակ՝ դեմքի և գլխի մասում բռնության հետքերով։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում Էրեբունու օպերատիվ խումբը դատաբժշկի և փորձագետի հետ իրենց աշխատանքն էին կատարում, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում, բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզում են, որ մահացածը 47-ամյա Գրիգոր Հաջիպողոսյանն է, ով մշտական բնակության վայր չի ունեցել և որի մարմինը մահացած վիճակում հայտնաբերվել էր նշված կիսակառույց տնակի մուտքի դռան մոտ։
Արդեն կեսօրին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով բաժանմունք է բերման ենթարկվում 46-ամյա, նախկինում մեկ անգամ դատապարտված, Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ Լևոն Ապրոյանը։
Այս պահին ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արման Աբրահամյանի գլխավորությամբ սպանության վայրում քննչական փորձարարություն է կատարվում, որտեղ Լ. Ապրոյանը մանրամասն պատմում է կատարված դեպքի հանգամանքները։
Կարդացեք նաև
Սպանության վայրի հարևանությամբ բնակվողները Գ. Շամշյանին պատմել են. «Լավ ա՝ ոստիկանները սպանություն կատարողին շուտ գտան, թե չէ՝ ո՛չ հասցե ուներ, ո՛չ էլ բնակության վայր, ու էս դեպքը եսիմ երբ բացվեր»։
Քննիչ Ա. Աբրահամյանի որոշմամբ՝ Լ. Ապրոյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ըստ հարևանների պատմածի, սպանությունը տեղի է ունեցել խմիչքի ազդեցության տակ՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ