Համեմատական մանրանկարներ
Մենք, հայերս կարծում ենք, որ ապրում ենք 21-րդ դարում: Սակայն հետաքրքիր է իմանալ, թե սոցիալ-քաղաքական զարգացման մակարդակով որ դարաշրջանում ենք գտնվում: Դա պարզելու համար մեզ կարող է օգնել հին հունական պատմիչ Պլուտարքոսը: Իր «Ընտիր կենսագրություններ» գրքում նա նկարագրել է Աթենքի կարգերը մ.թ.ա 7-րդ դարում մինչ Սոլոնի օրենսդրությունը: Նրա վկայությամբ, Աթենքն այդ ժամանակ եղել է մեծահարուստ օլիգարխների ձեռքում: Նրանք իշխել են պետական խորհրդում, ժողովրդական ժողովում եւ դատարանում, հիպոտեկային պարտքերով ստրկացրել են ժողովրդին:
Մեզ մոտ պետական խորհրդին փոխարինելու են եկել Ազգային ժողովը եւ կառավարությունը, իսկ ժողովրդական ժողովին` ընտրական համակարգը, որտեղ 4 տարին մեկ ընտրակաշառքների եւ ընտրակեղծիքների միջոցով օլիգարխները զավթում են իշխանությունը, ինչպես նաեւ դատարանը:
Դառնալով արքոնտ (վարչապետ)` Սոլոնը մ.թ.ա 594 թվականին իր օրենքներով կոտրեց օլիգարխների ուժը, ժողովրդին ազատեց նրանց լծից, արգելելով հիպոտեկային ստրկությունը, չեղյալ հայտարարելով ժողովրդի պարտքերը: Ընդ որում, նա սկսեց իր ընտանիքից, որին պարտք էին 7 տաղանդ (մոտ 800000 դոլար) եւ դրանով մյուս պարտքատերերին էլ ստիպեց նույն կերպ վարվել: Մեզ մոտ, ցավոք, երբեք չի եղել, որ օրենսդիրները, Սոլոնի պես իրենցից սկսեն: Ապա նա ստեղծեց անկախ դատարան, որը բաղկացած էր ամեն տարի վիճակահանությամբ ընտրվող 6000 դատավորներից եւ որն ըստ ֆիլերի’ ցեղերի քանակի բաժանված էր 600 հոգանոց 10 պալատների: Այն իրավասու էր դատելու բոլորին, սկսած շարքայինից մինչեւ պետության ղեկավարները: Որեւէ գործ քննելու համար պալատն ընտրվում էր վիճակահանությամբ, դատական նիստից անմիջապես առաջ: Դրանով բացառվում էր կոռուպցիան: Այսպես, Պերիկլեսին` Աթենքի ամենահռչակավոր արքոնտին եւ ստրատեգին, 2 անգամ դատի են ենթարկել, որտեղ նա նույնիսկ լացել է: Դատել են 3 պալատներով (1500 հոգով):
Եվ ահա 2700 տարի անց մեզ մնում է սոսկ երազել, թե երբ է գալու մեր հայ Սոլոնը, որը կկոտրի օլիգարխների ուժը եւ կհաստատի իրական ժողովրդավարության եւ անկախ դատարան:
II
Հին հունական իմաստուններից մեկը` Անախարսխը, եկել է Աթենք եւ մտերմացել է Սոլոնի հետ այն ժամանակ, երբ նա դեռ իր օրենսդրությունը չէր կատարել: Մի օր, ծանոթանալով Աթենքի ժողովրդական ժողովի գործերի ընթացքին, նա ապշած բացականչել է. «Զարմանալի է, հույների մոտ խելացիները խոսում են, իսկ հիմարները գործեր են լուծում»:
Մեզ մոտ էլ այժմ համարյա նույն վիճակն է: Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, Ազգային ժողովի 131 անդամներից հազիվ 20-30 հոգին են մասնակցում նրա նիստերին կամ ելույթ ունենում, մնացածները սոսկ կոճակ են սեղմում, հաճախ նաեւ ուրիշների տեղը: Մինչդեռ Ազգային ժողովից դուրս կան բազմաթիվ լավ մասնագետներ` տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ եւ այլն, որոնց միայն թույլ են տալիս խոսելու:
Եվ ահա մեզ դարձյալ մնում է երազել, թե երբ է գալու այն ժամանակը, երբ մեր ազգային խնդիրները կլուծեն խելացիները, իսկ հիմարները կմնան իրենց հիմար վիճակում:
III
Ըստ Սոլոնի օրենքների, աթենացիները բաժանվեցին 4 դասի` մեծահարուստների կամ օլիգարխների, միջին դասի կամ հեծյալների, միջինից ցածր դասի կամ հոպլիտների եւ ստորինի կամ ֆետերի: Ամեն մի դաս պարտավոր էր իր կարողության չափով ծառայել զորքի համապատասխան տեսակում: Օրինակ, օլիգարխները պետք է տրամադրեին ռազմանավեր իրենց անձնակազմով, զենքով ու զրահով, իրենք էլ որպես նավապետեր պետք է բոլորի հետ մասնակցեին պատերազմին: Միջին դասն իր ձիերով ու զենքով ծառայում էր հեծելազորում, միջինից ցածրը` ծանր հետեւակում եւս իր զենքով, իսկ աղքատ ֆետերը` թեթեւ հետեւակում:
Այստեղ Սոլոնը ղեկավարել է շատ պարզունակ եւ շատ ճիշտ սկզբունքով: Նա օլիգարխներին ասել է. «Թշնամին գալիս է առաջին հերթին ձեր հարստությունը թալանելու: Եթե դուք չեք ուզում պաշտպանել այն, ձեր փոխարեն ով է պաշտպանելու:
Մեզ մոտ հակառակն է: Լեւոնականները, պատերազմ հրահրելով, երկիրն ավերեցին, ժողովրդին թալանեցին ու աղքատացրին, իրենք միլիոններ դիզեցին, օլիգարխներ դարձան, բայց իրենք եւ իրենց որդիները բանակում ծառայել, երկիրը պաշտպանել չեն ուզում: Այդ օրինակն առաջինը ցույց տվեց երկրի առաջին նախագահը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն իր որդուն իբրեւ թե բանակ ուղարկեց, դարձնելով պաշտպանության նախարարի խորհրդական:Այժմ թող ընթերցողը մտածի, թե պետհամալսարանը նոր ավարտած ջահելը, բանակի մասին գաղափար չունեցողը ինչ խորհուրդ կարող էր տալ նախարարին: Ապշեցուցիչ է, հենց գլխավոր կռիվ գցողն է իր որդու գլուխը բանակից ետ պահել: Լեւոնին հետեւեցին նրա զինակիցները, որոնք իրենց որդիների ծառայատեղ դարձրին նույն պաշտպանության նախարարությունը: Ինձ հայտնի է մի օլիգարխ, որի տղան այդտեղ է ծառայել իբրեւ թե խորհրդական, միաժամանակ աշխատել է իր պապայի ֆիրմայում եւ հլա դեռ աշխատավարձ է ստացել: Հիանալի չէ, նման «ծառայության» մասին կարելի է միայն երազել: Հին Աթենքում դա աներեւակայելի էր: Բանակից, պատերազմից խուսափողը խստորեն պատժվում էր: Պատժվում էին անգամ ներքին կոնֆլիկտներին չմասնակցողները: Նրանք զրկվում էին քաղաքացիությունից, որովհետեւ իրենց չեզոքությամբ ցուցադրում էին իրենց անտարբերությունը երկրի բախտի նկատմամբ:
IV
Մեծ հույն փիլիսոփա Հերակլիտի ժամանակ, մ.թ.ա. 6-5-րդ դարերի արանքում իր հայրենի Հեփեսոս քաղաքի բնակիչները բարոյապես այլասերվել էին, բայց այդ ֆոնի վրա Հերմոդտ անունով մի մարդ իր առաքինությամբ բոլորի աչքն էր ծակում: Հեփեսացիներն ընդունում են օրենք. «Թող մեր մեջ լավագույնը չլինի, եթե այդպիսին կա, թող ապրի ուրիշ տեղ, ուրիշների հետ»: Այդ օրենքով Հերմոդտին որպես լավագույն քաղաքացու արտաքսում են: Այդ առնչությամբ Հերակլիտը վրդովված բացականչել է. «Մեկն ինձ համար արժե տաս հազար, եթե նա լավագույնն է»: Մենք այդպիսի օրենք չենք ընդունել, սակայն մեր լավագույններին արտաքսում ենք: Ժամանակին արտաքսել ենք ակադեմիկոս Հ. Թախթաջյանին, որն աշխարհի 5 խոշորագույն բուսաբաններից է: Վերջերս արտաքսվեցին լավագույն դիրիժորներ` Օ. Դուրյանը, Լ. Ճգնավորյանը, Վ. Գերգիեւը եւ շատ ուրիշներ: Ըստ մեր սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Թոփչյանի, երկրից գաղթած մեր լավագույն երաժիշտներից կարելի է 6 սիմֆոնիկ նվագախումբ կազմել:
Եվ ահա դարձյալ ու դարձյալ մեզ մնում է երազել, թե երբ է գալու մեր Սոլոնի ժամանակը, երբ մեր լավագույնները չեն արտաքսվի, իսկ արտաքսվածները կվերադառնան ու կծառայեն մեր հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը:
Մամիկոն Ասատրյան
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր,
Էլ. փոստ` [email protected]