Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյանը դեմ է Ալեքսանդր Մանասյանի այն դիտարկմանը, թե պետք է ստեղծել ցեղասպան Ադրբեջանի կերպար

Փետրվար 22,2012 14:42

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ Ալեքսանդր Մանասյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այսօր «Հայելի» ակումբում բանավիճեցին «Խոջալուի դեպքերի միջազգայնացումը. ինչքանո՞վ է երկկողմ հասարակությունն ընդգրկված և դուրս գործընթացներից» թեմայի շրջանակներում: Բանախոսների կարծիքները ոչ մի հարցում չհամընկան: Ա. Մանասյանը հայտարարեց. «Մենք պիտի համացանցում հաղթենք այս թեմայով, մենք պիտի լրագրողական հնարքներ ձևավորենք քարոզչական այդ գործը հաջող ավարտելու համար, բացի այդ պետական դիվանագիտություն է պետք»: Ա. Բլեյանն էլ հակադարձեց. «Դրանք կոչեր են, որ քանի տարի հնչում են: Ի՞նչ են տալիս դրանք մեզ, վա՞րք են դառնում, գործողություն: Հակառակը, առաջ պիտի գցել ճանաչման հարցը և դրա համար նախ հարգանքով պիտի վերաբերվել իրար, նախևառաջ ճանաչել Ադրբեջանն իր այսօրվա իրողություններով, ոչ թե անեծքներով»:

Ա. Բլեյանը հորդորեց չկենտրոնանալ միայն ցեղասպանության ճանաչման վրա, այլ պետք է խոսել այսօրվա զարգացող Հայաստանի և ապրող Արցախի մասին:  Խոսել այն մասին, թե ինչու են Հայաստանից գաղթում, ինչու չի աճում ծնելիությունը և այլն:

Ամեն անգամ, երբ պարոն Մանասյանը փորձում էր  խոսել «եթե Հայաստանը այսպես անի, ապա միջազգային հանրությունն այս կանի» բանաձևով, պարոն Բլեյանը նրան ընդմիջում էր. «Ձեր այս խոսքերը հիշեցնում են՝ եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կանվանեի, պատմությունը»: Իսկ երբ պարոն Մանասյանը խոսեց ցեղասպան Ադրբեջանի կերպարը ստեղծելու մասին, Բլեյանն ավելի բորբոքվեց. «Եվ ուզում եք այդ ցեղասպան Ադրբեջանին խաղաղ, առանց պատերազմի ճանաչե՞լ տալ ինքնորոշված Արցախը, դա չլինելու բան է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829