Վերջին օրերին տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում ինտենսիվորեն շահարկումներ են տարածվում` կապված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` Բրազիլիա մեկնելու հետ:
Շահարկումներին վերջ տալու համար, հարկադրված ենք պարզաբանել, որ դեռևս երկու տարի առաջ, Գյումրու և Բրազիլիայի Օզասկո քաղաքների միջև ստորագրվել էր երկկողմ համագործակցության պայմանագիր, որի համաձայն, երկու քաղաքները դարձել էին քույր քաղաքներ:Այսպիսով, հիմք դրվեց բազմակողմանի համագործակցության:
2011-ին Օզասկո քաղաքի պատվիրակությունը, քաղաքապետի գլխավորությամբ, այցելել էր Գյումրի: Այցի ընթացքում ստորագրվեց հետագա համագործակցության հուշագիր:
Մեկ ամիս առաջ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնական հրավեր է ստացել Օզասկոյի քաղաքապետից` փոխադարձ այցելության վերաբերյալ և այժմ գտնվում է հենց այդ քաղաքում:
Կարդացեք նաև
Թե ինչու են լրատվամիջոցները արհեստական աժիոտաժ ստեղծում այս փաստի առնչությամբ, դա համեմելով զանազան բամբասանքներով և օդից վերցված ենթադրություններով,- ինչպես փորձն է ցույց տալիս, պայմանավորված է կոնկրետ միտումով և սևեռվածությամբ:
Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարություն