Երգչուհի Juice-ը՝ պաս պահողների մասին
Ի՞նչ է պահքը. այս հարցին յուրաքանչյուրը տալիս է իր իմացած պատասխանը. մեկի համար դիետա է, մյուսի համար՝ 48 օր իրեն շատ բաներից զրկելով՝ երազանքի իրականացման միջոց, որոշների համար՝ հարգանքի նշան առ Աստված եւ այլն: Ըստ https://sarkavag.blogspot.com-ի. «Երեխաների համար պահքը էն ա, որ կարողանաս Աստված պապիկին ավելի շատ սիրես, քան սնիկերսը: Բայց եթե մեզ դիտելու լինենք առանց կեղծավորության շպարի, եթե մեր մարդկային էության արտացոլումը կարդանք Աստծո հայելու մեջ, պիտի խոստովանենք, որ բազմաթիվ «սնիկերսներ»՝ մոլություններ, գայթակղություններ ու կախվածություններ կան մեր կյանքում, որոնք սիրում ենք այնքան շատ, որ հանուն դրանց կուրանանք անգամ Աստծուն»:
Այս տարի Մեծ պահքը սկսվել է փետրվարի 20-ից: Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն, որն այս տարի նշվելու է ապրիլի 8-ին: Հայտնի է, որ մեծ պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդամթերքից, սեռական հարաբերություններից, ալկոհոլային խմիչքներից, ծխախոտից, հրաժարվում են նաեւ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից, մեղքերից: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ եւ իրականություն ստանա շնորհիվ իր ծոմապահության:
Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տեւում: Մեծ պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ:
Պողոս առաքյալն ասում էր՝ առանց սիրո պահքը կարող է լինել դիետա, ծիսագարություն, տառապաշտություն, ցուցամոլություն, արկածախնդրություն, բայց ոչ երբեք պահք՝ ընդունելի Աստծուց եւ ցանկալի՝ մարդկային հոգու համար:
Պահքի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց երգչուհի Juice-ի հետ, ըստ որի՝ ինքն այդ «օրենքներին» չի հետեւում, քանի որ գիտի՝ պետք է հրաժարվել կենդանական սննդից. «Գիտեմ շատ մարդկանց, ովքեր պարտադիր ամեն տարի պաս են պահում: Իմ շրջապատում էլ կան մարդիկ, որոնք պարտադիր պաս են պահում իրենց առողջության համար: Իհարկե՝ Պահքն իր խորհուրդն ունի, ասում են՝ Պահքից հետո ուղեղն ավելի մաքուր է դառնում, ամեն ինչ ավելի ճիշտ ես ընկալում, բայց իմ պարագայում հակառակը կլինի՝ իմ էներգիան կկորի, եթե միս չուտեմ»: Երգչուհու կարծիքով՝ նրանք, ովքեր 48 օր չեն հայհոյում, միս չեն ուտում, իրենց մի կերպ են զսպում՝ «48 օրից հետո այնպես են հայհոյում, այնքան միս են ուտում… Ասում են՝ պահքի շրջանում երբ երազանք ես պահում, կատարվում է, իսկ ես կարծում եմ, որ առանց Պահքի էլ եթե հավատաս, միս ուտելով, թե առանց մսի՝ անպայման երազանքդ կկատարվի»:
Երգչուհին հավելեց, որ շատերը պահք պահելով էլ, որի ընթացքում արգելված է ստելը, հայհոյելն ու մեղք գործելը՝ իրենց շատ վատ են պահում՝ «դա ո՞ւմ է պետք»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ