Լրահոս
Օրվա լրահոսը

Դոպինգ: Որակազրկում: Նոր մեդալներ: Լոնդոն: Եվ հուսալի հերթափոխ:

Փետրվար 22,2012 13:57

Դոպինգ օգտագործելու համար հայաստանցի ծանրորդներ Էլեն Գրիգորյանի եւ Գեւորիկ Պողոսյանի որակազրկվելու մասին մոտ մեկ տարի շրջանառվող լուրն օրերս հաստատվեց կայքերում, թեեւ մեր ծանրամարտի ֆեդերացիան դեռեւս այդ մասին պաշտոնական իրազեկում չի ստացել:

«Առավոտը» Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ զրուցեց այս թեմաայի շուրջ, սակայն ընթացքում շոշափվեցին նաեւ այլ հարցեր:

– Էլենի ու Գեւորիկի որակազրկումները միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հաստատվել են: Ի՞նչ կասեք:

– Այո, կայքերում նման տեղեկատվություն կա: Բայց մենք դեռ միջազգային ֆեդերացիայից պաշտոնական ոչ մի գրություն չենք ստացել: Դա է պատճառը, որ դեռ որեւէ բան չեմ ասում: Կարծում եմ՝ մոտ օրերս կստանանք, որտեղ նշված կլինի նաեւ նրանց որակազրկման ժամկետը:

– Տեղեկատվությունը մտահոգության տեղիք է տվել, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ ՀԱՕԿ-ը եւ ֆեդերացիան անում են հնարավոր ամեն բան, որպեսզի դոպինգի օգտագործումը բացառվի, եւ մեր մարզիկներն իրենց լավագույն ցուցանիշներին հասնեն ազնիվ պայքարում:

– Այո: Այդպես եղել է նաեւ այդ երկու ծանրորդների պարագայում: Բոլորը գիտեն, որ պետությունն ու ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիան էլ՝ իր հնարավորությունների սահմաններում, անկախ մարզաձեւից, մեր բոլոր առաջատար մարզիկների համար ոչ միայն անհրաժեշտ մարզումային պայմաններ են ապահովում, բարձր թոշակ տալիս, այլեւ լիարժեք սնվելու համար հավելյալ գումարներ են տրամադրում: Երբ անցած տարի Կազանում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ Էլենի ու Գեւորիկի դոպինգ անալիզների «A» սրվակները դրական արդյունք տվեցին, մենք, հավատալով նրանց, որ ոչինչ չեն արել, արեցինք ամեն բան՝ հնարավորինս արագ նրանց անալիզների երկրորդ սրվակները բացելու եւ վերջնական պատասխանն իմանալու համար: Անգամ ՎԱԴԱ-ին դատի տվեցինք՝ գործընթացը ձգձգելու համար:

– Իսկ շտապելու ի՞նչ անհրաժեշտություն կար:

– ՎԱԴԱ-ն երկրորդ սրվակների բացելը դրել է հերթի: Դա գործընթաց է, որին հարմարվելու դեպքում հերթը կհասներ օլիմպիական խաղերից հետո միայն: Բայց մեզ անհրաժեշտ էր ճշգրիտ պատասխանը շուտ իմանալ, որպեսզի ֆեդերացիան իմանա իր անելիքը: Եթե պաշտոնական որակազրկում չկա, ուրեմն այդ ծանրորդները պետք է շարունակեին մարզվել: Ու բացառված չէր, որ օլիմպիական հավաքականում տեղ ունենային: Պատկերացնո՞ւմ եք, որ նրանք մասնակցեին օլիմպիական խաղերին ու մեդալ նվաճեին (իսկ մենք Խաղեր տանելու ենք միայն նրանց, ովքեր մեդալի կարող են հավակնել): Իսկ հետո մեզ ասեին, որ այսինչը Եվրոպայի առաջնությունում դոպինգ է օգտագործել եւ դրա համար որակազրկվել է, այսինքն՝ հնարավոր օլիմպիական մեդալն էլ վերցնեին: Կստացվեր, որ մեր ամբողջ աշխատանքը ջուրը կընկներ:

– Եղածը՝ եղած է: Բայց դոպինգային այս պատմություններում մենք նաեւ ձեռքբերումներ էլ ունեցանք: Նույն որակազրկումների շնորհիվ մեր 85 կգ քաշային Էդգար Գեւորգյանը ճանաչվեց պոկում վարժության Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր, իսկ աշխարհի առաջնությունում ուկրաինուհի՝ 167 կիլոգրամանոց Օլգա Կորոբկայի որակազրկման շնորհիվ մեր Հռիփսիմա Խուրշուդյանին շնորհվեց նույն մրցաձեւում աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

– Իհարկե, լավ է, որ մենք կորուստների կողքին նաեւ ձեռքբերումներ ունեցանք: Բայց ուրիշների դժբախտության հաշվին չենք ուրախանում: Կորոբկայի որակազրկմանը ես նայում եմ Հռիփսիմեի համար Լոնդոնում լրացուցիչ հեռանկար բացվելու տեսանկյունից: Օլիմպիական խաղերին Խուրշուդյանի մասնակցությունը եւ մեդալ նվաճելը հեշտացավ: Բայց դրա համար նա, միեւնույն է, պետք է հաջող հանդես գա: Իմ հաշվարկներով, եթե Հռիփսիմեն օլիմպիական խաղերում կրկնի իր լավագույն արդյունքները՝ 125+ 155 կամ 160, ապա երկամարտի 280-285 կիլոգրամը նրան առնվազն բրոնզե մեդալ կբերի: Բայց, կրկնում եմ, նա դեռ պետք է մարզվի ու Լոնդոնում հաջող հանդես գա:

– Փետրվարի 22-ին մեկնարկում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Այն ի՞նչ նշանակություն ունի:

– Կարեւորագույն: Կմասնակցեն մեր գրեթե բոլոր առաջատար ծանրորդները, բացի Տիգրան Գ. Մարտիրոսյանից, Առաքել եւ Արայիկ Միրզոյաններից եւ Արա Խաչատրյանից: Վերջին երկուսը մրցակցությունից դուրս կմասնակցեն Հայաստանի երիտասարդական առաջնությանը, որպեսզի տեւական ընդմիջումից հետո վերզգան մրցահարթակը: Իսկ Տիգրանն ու Առաքելը ապրիլ-մայիսին Հայաստանում նախամրցումային ստուգողական մոտեցումներ կկատարեն ծանրաձողին:

– Տարվա գլխավոր մեկնարկն օլիմպիական խաղերն են, որին ուղղված են եղել վերջին քառամյա շրջափուլի բոլոր ջանքերը: Բայց այս տարի նաեւ այլ կարեւոր մրցումներ էլ կան:

– Լոնդոնում լավ հանդես գալը, ոսկե մեդալ նվաճելը մեր բոլորի գերխնդիրն է: Ու դրա համար, արդեն ասացի, արվում է անգամ հնարավորինից ավելին: Բայց մյուս միջազգային պաշտոնական առաջնություններն էլ չեն անտեսվում: Օլիմպիական խաղերից առաջ եւ հետո տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ ու խաղեր կան, որոնց բոլորին էլ մեր ծանրորդները մասնակցելու են: Օրինակ, Եվրոպայի առաջնություն կմեկնեն հիմնականում մեր 2-րդ համարները, որոնք արդեն հասցրել են իրենց մասին խոսել տալ: Նրանք պայքարելու են մեդալների համար: Ես կարեւորում եմ այն, որ այդ մարզիկները երիտասարդ լինելով՝ արդեն սկսել են «նեղել» իրենց քաշային կարգերի առաջատարներին՝ իրենց բարձրացրած կիլոգրամներով արդեն իսկ մոտենալով հավաքականի ներկայացրած պահանջներին: Նրանք իրենց վրա լուրջ աշխատելու դեպքում շատ շուտով կկարողանան հավասար պայքար մղել այսօրվա մեր անվանիների հետ: Եվ ինչո՞ւ չէ, նաեւ՝ հաղթել:

ԱՇՈՏ  ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829