Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ միայն անալգին ու ալբուցիդ, այլեւ հոգեւոր «դեղ»

Փետրվար 22,2012 13:55

Բելառուսում վերջերս կայացած Գրքի միջազգային 19-րդ ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված էր 22 երկրի հրատարակչական աշխատանք: «Առավոտը» այս առիթով հանդիպեց «Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի կողմից լիազորված էր ներկայացնելու մեր երկրի հրատարակչական գործը:

Մեր զրուցակիցը մասնակցել է գրքի շուրջ 15 միջազգային ցուցահանդես-տոնավաճառների, եւ այս վերջին ցուցահանդեսից նա մի քանի բան առանձնացրեց: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով՝ նախապես կազմված սցենարով ելույթ ունեցող արվեստի գործիչներին միանում էին այցելուները. «Երգում էին, պարում, ասմունքում, վերջում էլ գիրք գնում ու նոր հեռանում»:

Ա. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հայկական տաղավարում ներկայացված էին մանկական, գեղարվեստական, պատմական, արվեստի եւ առաջին անգամ՝ նախագիծ-առաջարկ. Հակոբ Մնձուրու պատմվածքները՝ Հրազդան Մադոյանի ռուսերեն թարգմանությամբ. «Դեռեւս գիրքը չհրատարակած, առաջարկում էինք ռուսաստանցի, ուկրաինացի, բելառուս հրատարակիչներին՝ իրենց մոտ հրատարակել Մնձուրու պատմվածքները»:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ «Անտարեսը» 2011թ. բելառուս հրատարակիչներից գնելով մեկ այլ նախագիծ, լույս է ընծայել «Աշխարհը մեր շուրջ», «Վայրի բնության ձայները» խոսող, ինչպես նաեւ «Ծովահենների գաղտնիքները» ինտերակտիվ գրքերը՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն եւ կշարունակվի թողարկել շուրջ 20 այլ լեզվով: Դիտարկմանը, թե, ինչպես միշտ, նման միջոցառումներում Ադրբեջանը հավանաբար դարձյալ ներկայացել էր հակահայկական գրականության «ընտրանիով», Ա. Մարտիրոսյանը հաստատեց՝ հավելելով. «Ադրբեջանը լավ գրողներ էլ ունի: Անձամբ ճանաչել ու շփվել եմ ծնունդով Շուշիից Չինգիզ Ալի Օղլիի հետ: Զարմանում ես, թե ինչու այդ երկիրը տեր չի կանգնում իր ընտրյալներին»:

Ի վերջո ո՞րն է պետության դերը գրքի շուկայում:

Ըստ մեր զրուցակցի, պետությունը պետք է կարգավորի շուկան եւ չխանգարի հրատարակչին. «Օրինակ, Ուկրաինան ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) եւ շահութահարկը գրքի համար սահմանել է զրո տոկոս, մեզ մոտ 20 տոկոս է, զարգացած երկրներում պետությունն իր վրա է վերցնում նաեւ շուկայի ուսումնասիրության ծախսերը»: Արմեն Մարտիրոսյանն անձամբ կարեւորում է խնդրի բարոյական կողմը. «Եթե մեր պետությունը որեւէ հարկատեսակ սահմանի՝ ի նպաստ գրքի զարգացման, ապա հանրությունը կզգա պետության դրական վերաբերմունքը, եւ ինքն էլ կթեքվի դեպի գիրքը»:

Պարոն Մարտիրոսյանը հիշեցրեց նաեւ, որ ՀՀ վարչապետը մեկուկես տարի առաջ հրատարակիչներին խոստացել էր, որ ԱԱՀ-ն կհանվի՝ գրքի հումքի ձեռքբերումից սկսած մինչեւ արտադրություն եւ իրացում. «Ինչին սպասում ենք ու սպասում…»: Ա. Մարտիրոսյանը փաստեց, որ ի տարբերություն պետության, խոշոր գործարարներից ոմանք հասկանում են գրքի կարեւորությունը. «Դեղատների մի ցանցը համաձայնել է, որ իրենց մոտ վաճառվի գրականություն, այսինքն՝ ոչ միայն անալգին, ալբուցիդ եւ այլն, այլ նաեւ հոգեւոր «դեղ»: Մեկ այլ ընկերությունը Հայաստանի փոքր ու մեծ քաղաքներում պատրաստվում է կառուցել տիպային գրախանութներ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829