Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եղեք ազնիվ եւ հաճույք ստացեք ֆիլմերից»

Փետրվար 22,2012 13:52

Webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը online փառատոներ է նախաձեռնել

Վերջերս ամփոփվեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am հեռուստատեսության նախաձեռնությամբ կայացած համահայկական առցանց «WebԾիրան» կինոփառատոնի արդյունքները:

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը, մարտի սկզբներից էլ պատրաստվում են «Կինոֆեստ» նախագծի շրջանակներում կյանքի կոչել 3 ինտերնետային փառատոն՝ «Ռետրոֆեստ», «Էկոֆեստ» եւ «Դեբյուտֆեստ»: Պարոն Մանուկյանը նշեց, որ դեռ անցյալ տարի իրականացրել են «Կինոֆեստ» ծրագիրը, որը վավերագրական կինոյի մասին հաղորդաշարերից ու կինոցուցադրումներից էր բաղկացած, ու շատ գոհ են արդյունքներից: Ծրագրի ավարտին իրենց լսարանը աճել է 450%-ով: «Մեր նպատակն այն էր՝ վերջին 20 տարիներին նկարված հատկապես վավերագրական կինոն, որ ըստ էության ոչ ոք չի տեսել, հեռուստաընկերություններն ու կինոթատրոնները չեն ցուցադրում, հասանելի լինի հանրության մի ստվար հատվածի, որը ունի այդ արժեքների պահանջը: Մեզ օրական մոտ 2000-3000 մարդ է դիտում, իսկ ամսական ստացվում է մոտ 90000, ինչը գալիս է ապացուցելու, որ այդքան էլ այդպես չէ, թե Հայաստանում հասարակությունը չի ցանկանում լավ բան նայել եւ միայն սերիալ է ուզում…Բերեմ մի պարզ օրինակ, երբ դրեցինք Փելեշյանի «Կյանք» ֆիլմը, մեկ գիշերվա մեջ 1800 մարդ նայեց, իսկ այդ փաստն արդեն խոսուն է: Ուղղակի շատերը չգիտեն, որ կան նման ռեժիսորներ ու լավ ֆիլմեր: Վերցնենք նաեւ Հարություն Խաչատրյանի «Կոնդը», էլի շատ մարդիկ դիտեցին …Խորհրդային ռեժիմի ժամանակ արված ֆիլմեր էլ կան, որոնք թեկուզ գաղափարախոսական բաներ ունեն, բայց երբ դրանից վերանում ես ու նայում ես իբրեւ ժամանակի մեջ ստեղծված արժեք, տեսնում ես՝ այն ավելի մեծ արժեքային համակարգեր է փոխանցում, քան շատ բաներ, որ ցուցադրվում են մեր օրերում: Հենց այստեղից առաջացավ online կինոփառատոն անելու գաղափարը»,- ասում է պարոն Մանուկյանը:

Նա մի քիչ բացեց փակագծերը առաջիկայում մեկնարկելիք 3 փառատոների մասով: Webtv-ի տնօրենը հայտնեց, որ «Էկոֆեստին» կարող են ներկայացվել տարբեր տարիների ցանկացած տեխնիկայով նկարահանված, ցանկացած ռեժիսորի էկոլոգիական թեմաներով ֆիլմեր, միայն ցանկալի է, որ դրանք չգերազանցեն 20 րոպեն: Ըստ նրա, ինտերնետում չեն սիրում երկար ֆիլմեր դիտել: «80-ականներին Սեւանի կամ Երեւանյան լճի վիճակի մասին հրաշալի ֆիլմեր կան, ուղղակի ոչ ոք չի տեսել: Բացի նրանից, որ դրանք սոցիալական լուրջ մեսիջներ ունեն, նաեւ էկոլոգիական խնդիրներ են բարձրացնում»,- հավելում է փառատոնի կազմակերպիչը: Ֆիլմերի ցուցադրություններին կհաջորդի ինտերնետ-քվեարկությունը, առաջին-երկրորդ տեղեր գրաված աշխատանքների հեղինակների հետ կկազմակերպվեն բանավեճեր, քննարկումներ, նաեւ նրանց հնարավորություն կտրվի ուղիղ եթերում վարպետաց դասեր անցկացնել:

Արայիկ Մանուկյանը հայտնեց, որ անչափ կարեւորում է նաեւ «Ռետրոֆեստը», ասում է՝ 70-80-ականներին նկարվել են հետաքրքիր վավերագրական, փոքր ծավալի խաղարկային ֆիլմեր. «Այդ տարիներին հնարավոր չէր ամեն ինչ «բաց» ասել, ռեժիսորները փորձել են տողատակերով, կադրերով, ենթատեքստերով ասել: Դրանք արժեքավոր գործեր են: Ցավոք, այսօր շատ շատերի համար կինոն ասոցացվում է ցածրարժեք պրոդուկտի հետ, եւ մարդիկ մտածում են, թե կարելի է փողոցից վերցնել մի չորս հոգու, մեկին սցենար գրել տալ ու կինո նկարել, մանավանդ թվային տեխնոլոգիաներն էլ լայն հնարավորություններ են տալիս: Ժամանակին նկարվել են ֆիլմեր լուրջ մարդկանց կողմից՝ լուրջ սցենարների հիման վրա, այդ ռետրոֆիլմերը հուշելու են, որ սցենարը, գրական հիմքը կարեւոր բան է ֆիլմի համար… Ֆիլմեր էլ կան, որ ուղղակի խրոնոլոգիական արժեք են ներկայացնում, օրինակ պատմում են՝ ինչպես է կառուցվել Կասկադը կամ ինչպես են մայիսմեկյան, նոյեմբերի 7-ի շքերթներ եղել, թող երիտասարդ սերունդը նայի ու լավնուվատը որոշի»:

Ինչ վերաբերում է «Դեբյուտֆեստին», այն ինքնադրսեւորվելու հրաշալի հարթակ կլինի երիտասարդների համար, մանավանդ նրանց ֆիլմերը ոչ մի տեղ չեն ցուցադրվում, իսկ փառատոնային ձեւաչափով համացանցում ներկայացվելը փոխում է հարցի էությունը: 3 փառատոները միասին կտեւեն 6 ամիս:

Հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունեն, որ տեխնոլոգիական միջամտությունների արդյունքում քվեարկությունը արդար չի լինի, մանավանդ խարդախության փորձ արվել է «WebԾիրան»-ի ժամանակ: Արայիկ Մանուկյանը հիշեցրեց, որ այդ փառատոնի ժամանակ մրցանակը դրամական էր, իսկ տվյալ պարագայում՝ ոչ: Հետո էլ ժպիտով հավելեց. «Այսօր անգամ Պենտագոնի կամ որեւէ երկրի ԱԳՆ-ի կայքեր են «կոտրում», եւ ցանկացած միջամտություն հնարավոր է: Բայց նման բան անողները պետք է հասկանան, որ եթե թվային տեխնոլոգիաները դա թույլ են տալիս անել, նաեւ թույլ են տալիս վերահսկել: Մեկից մեկ երեւում է՝ ո՞վ է արել, ի՞նչ համակարգչից եւ քանի անգամ: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս լինել ազնիվ եւ ուղղակի հաճույք ստանալ ֆիլմերից»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829