Լրահոս
Օրվա լրահոսը

Հողամասի սեփականատեր է ճանաչվել նախարարությունը

Փետրվար 22,2012 13:42

Լոռու մարզի Բազում գյուղը զրկվել է կարի արտադրամասը վերագործարկելու հնարավորությունից

Սրբուհի Հարությունյանը:

Էմիլյա Ծատուրյանը:

Լոռու մարզի Բազում համայնքի ավագանու անդամները համայնքի ղեկավարից պահանջում են վերացնել 2010 թվականի նոյեմբերի 22-ին կայացրած որոշումը:

Ավագանու անդամները պնդում են, որ համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց ավագանու նիստ հրավիրելու, համայնքին պատկանող «Բազում» կարի արտադրամասի եւ վերջինիս կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ սեփականատեր է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը, սակայն, նշում է, որ ինքը ոչ մի օրենք չի խախտել, քանի որ կարի արտադրամասը ի սկզբանե պատկանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, հիմքերը վերականգնելուց հետո էլ դրա զբաղեցրած, ինչպես նաեւ օգտագործման եւ սպասարկման համար հատկացված հողամասը օրենքով պետք է օտարվեր սեփականատիրոջը:

«Բազումի արտադրամասը համայնքի գերատեսչական ենթակայության տակ չի եղել: Ես ընդամենը էկոնոմիկայի նախարարության լիազորված անձին տրամադրել եմ հատակագիծ եւ գույքը սպասարկող հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը վերականգնելու մասին որոշում, ինչն էլ նախարարությունը արել է եւ ձեռք է բերել սեփականության վկայական»,- ասում է Սրբուհի Հարությունյանը:

Ավագանու անդամ Էմիլյա Ծատուրյանը, սակայն, փաստում է, որ շինությունը ի սկզբանե պատկանել է համայնքին:

«Թեեւ այժմ գույքը պետությանն է պատկանում, սակայն համաձայն կադաստրից ստացած պատասխանի՝ 2010 թվականի ապրիլի 14-ի դրությամբ վիճարկվող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարված չի եղել»,- բացատրում է ավագանու անդամը:

Նա նշում է, որ համայնքի ղեկավարը, նման որոշում կայացնելով, հաշվի չի առել բնակիչների եւ ավագանու կարծիքները, ավելին՝ գյուղը զրկվել է կարի արտադրամասը շահագործելու իրավունքից, ինչը չի բխում համայնքի շահերից:

Ավագանու անդամը համոզված է, որ եթե իրենց հաջողվի համայնքին վերադարձնել նախկինում պատկանող գույքն ու հողամասը, ապա հնարավոր կլինի աշխատեցնել կարի արտադրամասն ու աշխատանքով ապահովել ավելի քան 150 հոգու:

«ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր կառավարիչ Հաջիկ Գելիջին մեզ խոստացել է վերագործարկել կարի արտադրամասը եւ բացել շուրջ 150 աշխատատեղ»,- ասում է Էմիլյա Ծատուրյանը:

Համայնքապետ Սրբուհի Հարությունյանն էլ ասում է, որ եթե նույնիսկ ինքը չեղյալ համարի իր կայացրած որոշումը, ու հողամասը հետ ստանան, գույքը, այնուամենայնիվ, պետությանն է պատկանում:

Միակ ելքը, Սրբուհի Հարությունյանի կարծիքով, Լոռու մարզպետին դիմելն է: «Պատրաստվում ենք դիմել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, որպեսզի վերջինս միջնորդի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ Բազում գյուղում գտնվող կարի արտադրական միավորման շենքը անհատույց օգտագործման իրավունքով որոշակի ժամանակով տրամադրել Բազում համայնքին՝ այն վերագործարկելու եւ առանց այդ էլ արտագաղթի հետեւանքները կրող գյուղի բնակիչներին աշխատատեղ ապահովելու համար»,- ասում է համայնքապետը՝ նշելով, որ գյուղի հողերը անբերրի են՝ չորրոդ, հինգերորդ աստիճանի, իսկ կարի արտադրամասը գյուղին միայն օգուտ կտա:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829