Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի բնակիչներից մեկը, վրեժխնդրության ծարավը հագեցնելու համար, համագյուղացի Արթուր Եղիազարյանի պտղատու այգին ոչնչացրել է:
Թեեւ առայժմ որեւէ հստակ ապացույց չկա, բայց Արթուր Եղիազարյանը կասկածներ ունի, որ իր 5800 քմ ծիրանի այգին Նոր Կյուրինի համայնքապետի «թեթեւ ձեռքով» է հողին հավասարեցվել: Ա. Եղիազարյանը, որն ապրում է այլ բնակավայրում, սակայն նրա հողատարածքը գտնվում է Նոր Կյուրինում, մի օր հայտնաբերել է, որ ծիրանի այգին վերածվել է «կոճղերի այգու»: Արթուրի պատմելով՝ այգին ժամանակին պատկանել է գյուղապետին, որն էլ իր հերթին տվել է իր մեկ այլ համագյուղացու՝ ավտոմեքենայի դիմաց. «Ես չգիտեմ՝ իրանք իրար հետ ինչ պարտք-պահանջ են ունեցել, բայց էդ մարդուց, որ գնեցի հողը, էդ ժամանակ իմացա, որ գյուղապետի հետ հողի պատճառով խնդիրներ են ունեցել: Ու ամբողջ ցավն էն ա, որ էդ հսկայական այգին կտրելու մեջ գյուղապետի մատն ա խառը»:
Արթուրի ներկայացմամբ՝ երբ հայտնաբերել է այգին հողին հավասարեցրած, անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն Մասիսի ոստիկանությունում սկզբում հրաժարվել են բողոքն ընդունել եւ ուղարկել են գյուղապետ Գեւորգ Օհանյանի մոտ. «Թե բա՝ գնացեք, տեսեք լեզու կգտնենք, թե՝ չէ: Բայց գյուղապետի հանդիպումից հետո, լրիվ համոզվեցի, որ ինչ-որ կապ ունի ծառերը կտրելու հետ: Փոխանակ ասի՝ մի բան կանենք, ճշտենք, թե ով է արել էդ չարագործությունը, դեռ մի բան էլ ձեռ առնելով ասում ա՝ մի քանի ծառի համար եկել ես բողոքելո՞ւ: Կարող ա մեկի էրեխեն մրսել ա, եկել են կտրել են ծառերը, տարել՝ վառել»:
Ըստ Ա. Եղիազարյանի, եթե իրականում որպես վառելիք կտրած լինեին, ապա ճյուղերն էլ հավաքած ու տարած կլինեին: Իսկ այս դեպքում այգու ծառերը մեկ առ մեկ են կտրվել եւ հարեւան այգուց գոնե մեկ ծառ չի պակասել, ինչն էլ, Արթուրի կարծիքով, միտումնավոր արված գործ է. «Գյուղապետն ինձ ասում է՝ մի 60 հազարի վնաս է, էլի: Երբ ասացի, որ եթե որպես վառելափայտ կուբամետրը 20 հազար դրամ հաշվենք, ապա խոշոր գումար է ստացվում: Էլ չեմ ասում, որ ծիրանի փայտը շատ թանկ արժե, ու այդ այգին իմ եկամտի միակ աղբյուրն էր, որով ընտանիքս էի պահում»: Արթուրի պատմելով, իր այդ խոսքերին ի պատասխան՝ գյուղապետն ասել է՝ «Էդ միլիոննե՞ր ես ուզում պոկես: Ոչ մի բանի էլ չես հասնի, ում ուզում ես, որտեղ ուզում ես՝ բողոքի»:
Գյուղապետի հետ լեզու չգտնելուց հետո, Արթուր Եղիազարյանը կրկին դիմել է ոստիկանություն ու պնդել, որ իր բողոքն ընդունեն: Արդեն մի տարի է՝ ոստիկանությունը գործը ուսումնասիրում է, բայց մի փոքրիկ գյուղում չի կարողանում հանցագործին գտնել: «Արդեն մի քանի քննիչ են փոխել այս գործի հետ կապված: Երեւի մի 20 հատ բացատրություն եմ գրել: Երբ հետաքրքրվում եմ, թե ինչ նորություն կա իմ գործից, ամեն անգամ ցրում են»: Ըստ Արթուր Եղիազարյանի, ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ պտղատու հասուն ծառերը չոր վառելափայտ ներկայացվեն, որպեսզի փոխհատուցման գումարը քիչ կազմի. «Բայց մասնագետներ կան, կարող են գան, կոճղերը ստուգեն ու ասեն ծառի տարիքն էլ ու չորացած է եղել, թե՝ ոչ»: Դեռ նախորդ տարի Ա. Եղիազարյանը դիմել էր ՀՀ դատախազություն եւ արդարադատության նախարարություն, բայց այդ կառույցների կողմից գործն առաջ տանելու եւ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ միակ քայլն այն է եղել, որ ուղղակի քննիչին փոխել են: Արթուրի խոսքերով՝ «Այդ փոքր գյուղում 2 հոգի ծառ կտրող գործիք ունի, գյուղում բոլորն իրար ճանաչում են, մի անգամ մի գյուղացու մի հատ ծառ էր կտրվել, միանգամից պարզվեց՝ ով էր արել: Եթե ոստիկաններն ուզեն՝ մի ամսում կբացահայտեն հանցագործին: Ամեն ինչից պարզ է դառնում, որ ցանկություն չկա, քանի որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մարզն է, գյուղապետն իրան Ալիկի մարդն էր համարում, ոստիկաններն էլ ձենները կտրել ու բան չէին անում»:
Նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց՝ «մեզ մոտ չբացահայտված գործեր չեն մնա»: Ոստիկանապետի այս խոսքերը Արթուր Եղիազարյանին «թասիբի են գցել». նա գործին ընթացք տալու խնդրանքով դիմել է ոստիկանապետին: «Եթե այս անգամ էլ չբացահայտվի հանցագործը, ուրեմն այս երկրում ոստիկանություն չկա»,- ասում է նա:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ