Դրանք շուտով կուսակցությունները կտիրաժավորեն մեծաքանակ տպաքանակով եւ կբաժանեն փողոցներում եւ տնետուն:
Քաղաքական ուժերից որոշներն իրենց առաջիկա կուսակցական համագումարների հարցերը լուծելուց հետո, ոմանք էլ՝ ընթացքում, անցել են նախընտրական ծրագրերի մշակմանը: Սա բավականին բարդ եւ լուրջ աշխատանք է, եթե արվում է այդ լրջության գիտակցմամբ, սակայն եթե արվում է պարզապես հերթական գունավոր բրոշյուրը տպագրելու եւ մարդկանց տնետուն ու փողոցներում բաժանելու համար՝ իբր գործ ենք արել, լավ էլ հեշտ գործ է: Քոփի-փեսթը կա ու կա՝ եթե կուսակցությունները չեն ուզում ավելորդ գլխացավ ունենալ, իսկ եթե լրջորեն են մոտենում հարցին, ապա չեն կարող խուսափել գլխացավից: Իրականում դեռ չի եղել դեպք, երբ այս կամ այն կուսակցության նախընտրական ծրագրում հանդիպենք արտառոց բաների. դրանք հիմնականում նույն կառուցվածքն ունեն, նույն ենթաբաժինները եւ անգամ՝ նույն բովանդակությունը՝ որոշ կոսմետիկ տարբերություններով: Շատերը տպագրվում են նաեւ նույն տպարաններում եւ ներկի նույն հոտ ու գույնով, անգամ արտաքին նմանություններ են լինում: Վստահաբար, այս ընտրություններում եւս ոչ մի կուսակցություն չի խոստանալու երկնքից իրական աստղեր իջեցնել, բոլորի խոստումներն էլ լինելու են նույն բանի մասին՝ աշխատատեղեր, աշխատավարձերի բարձրացում, արտագաղթի կանխում, ուշադրություն սոցիալապես անապահովներին, մշակույթին, հարկային արդար քաղաքականություն, խոսքի էլ ավելի մեծ ազատություն եւ այլն, եւ այսպես շարունակ: Ոչ մեկը հակառակի մասին չի խոստանում, եւ դրանով դժվարանում է շարքային ընտրողի վիճակը: Ցավոք, իրականում ընտրողը ընտրում է ոչ թե ծրագիրը, այլ ընտրություն կատարելիս առաջնորդվում է բոլորովին այլ արժեհամակարգով:
Հանրապետական կուսակցությունն այս անգամ որոշել է իր ծրագիրը կազմել ընտրողների հետ խորհրդակցելով եւ մարզային քննարկումների արդյունքում: Սա կարող է արդյունավետ լինել, եթե, իրոք, լինեն գրագետ առաջարկներ, եւ եթե դրանք ոչ միայն ընդունվեն, այլեւ կատարվեն:
Սրան մենք դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ զրուցեցինք կոալիցիայի մեկ այլ անդամի՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանի հետ եւ խնդրեցինք բացատրել, թե ինչո՞ւ է իր ծրագիրը կազմելու համար ԲՀԿ-ն մասնագետներ հրավիրել նաեւ դրսից: «Առավոտի» հետ զրույցում փորձելով պահպանել որոշ խորհրդավորություն՝ Արամ Սաֆարյանն ասաց, թե չէր ցանկանա բացել իրենց կուսակցական ծրագրի բոլոր մանրամասները, որովհետեւ, իր ասելով, ԲՀԿ նախընտրական ծրագիրը դեռեւս լրամշակման փուլում է: Սակայն, ըստ մեր զրուցակցի, այդ ծրագրում «կան մի քանի սկզբունքային բաներ, որոնց վրա ուզում եմ հրավիրել բոլորի ուշադրությունը: Առաջինը՝ պարոն Ծառուկյանի կարգադրությամբ ստեղծվեց շատ ուժեղ աշխատանքային խումբ, որում ընդգրկված են հայտնի տնտեսագետ, քաղաքագետ-գիտնականներ, քաղտեխնոլոգներ, որոնք մոտավորապես երկու ամսվա ընթացքում հավաքեցին եւ ամբողջացրին երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ փորձեցին գտնել դրանց լուծման գիտականորեն հիմնավորված ուղիները: Այդ աշխատանքային խումբը՝ բաղկացած 10 մարդուց, եւ էլի երկու այլ խմբեր, որոնք գործում էին զուգահեռ, ստեղծեցին մեկ աշխատանքային փաստաթուղթ, եւ պարոն Ծառուկյանը հանձնարարեց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Միքայել Մելքումյանին, ով նույնպես մեր քաղխորհրդի անդամ է, փնտրել եւ գտնել լավագույն մասնագետներին ՌԴ-ում, Ուկրաինայում եւ ԵՄ երկրներում, որպեսզի նրանք իրենց խորհրդատվությամբ օգնեն ուժեղացնել մեր ծրագրի տնտեսական բլոկը: Այդ հանձնարարությունը կատարվեց, եւ կիրակի օրը Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին շատ անվանի, լուրջ գիտնականներ՝ Լատվիայից, ՌԴ-ից եւ Ուկրաինայից»:
Կարդացեք նաև
Ըստ Արամ Սաֆարյանի՝ երկրները պատահաբար չէին ընտրված, հրավիրել էին այն երկրներից, որոնք ինչ-որ ձեւով աղերսներ ունեն մերի հետ եւ մեզնից նաեւ առաջ են: Արամ Սաֆարյանի ներկայացմամբ՝ հրավիրված գիտնականները ասել են, թե «Բարգավաճի» մասնագետների կազմած ծրագիրը կարող է «երկիրը դուրս բերել զարգացման նոր մակարդակի»: Արամ Սաֆարյանը հարկ համարեց շեշտել, որ իրենց կուսակցության «եւ տնտեսական, եւ քաղաքական բաղադրիչները բավականաչափ ուժեղ են, եւ դրանում կհամոզվեն այն մարդիկ, ովքեր ծրագրերի՝ մասսայական տիրաժով տպագրվելուց հետո դրանց կծանոթանան: Պարոն Ծառուկյանի նպատակն էր հրավիրել Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի խոշորագույն մասնագետների, որպեսզի նրանք գնահատեն իր կողմից ստեղծված աշխատանքային խմբի ստեղծած արդյունքի որակը եւ իրականանալի լինելը»:
Մենք չէինք կարող չհարցնել՝ հրավիրված հայտնի գիտնականները տեղյա՞կ են, որ մեր տնտեսության մեջ գոյություն ունի ստվեր, որ գոյություն ունի հարկերից խուսափելու տրամադրություն, որ կան հայտնի օլիգարխներ, որոնք խուսափում են հարկերից եւ այլն: Ի պատասխան մեր հարցին՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Անշուշտ, նրանք հնարավորություն են ունեցել մանրամասն խորանելու բոլոր այն ելակետային դրույթներում, որոնք երկրում առկա են, եւ քննարկումների ժամանակ այդ մասին խոսակցություն է գնացել: Խնդիրը առանց ցնցումների, բնական զարգացման ճանապարհով Հայաստանը դուրս բերելն է զարգացման նոր մակարդակ՝ հաղթահարելու համար այնպիսի բացասական երեւույթներ, որպիսիք են արտագաղթը, լճացումը, տնտեսության առանձին ճյուղերի ետ մնալը, մենաշնորհների դեմ պայքարը եւ այլն»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ