Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուղթը չի փրկի

Փետրվար 22,2012 13:02

Մի քանի օր առաջ ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկի հաղորդման ուղիղ եթերում նախկին եւ ապագա նախագահ Պուտինի վստահված անձ, արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի թեկնածուներ Սերգեյ Միրոնովը եւ Միխայիլ Պրոխորովը, ինչպես նաեւ «Ընտրողների լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լեոնիդ Պարֆյոնովը «միաձայն քվեարկեցին» արդար ընտրություններ անցկացնելու մասին համաձայնագիր ստորագրելու օգտին: Հաջորդ օրը իշխանամետ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանն իսկապես այդպիսի մի տեքստ կազմեց, իսկ Շոյգուի նախարարությունը հրավիրեց բոլոր թեկնածուներին՝ գալ իրենց գերատեսչություն եւ քննարկել այդ նախագիծը: Թեկնածուները, բնականաբար, վիրավորվեցին: Ինչո՞ւ պիտի նրանք գան եւ ինչ-որ տեքստ քննարկեն, երբ պարզ է, որ «գլխավոր թեկնածուն» չի գալու եւ չի քննարկելու: Մի խոսքով՝ «հասարակական համաձայնագրի» նախագիծն ապրեց ընդամենը երկու օր եւ այդպես էլ որեւէ մեկի կողմից չընդունվեց: Զյուգանովը, մասնավորապես, ասաց, որ նման փաստաթուղթը նշանակություն կունենա միայն այն դեպքում, եթե ստորագրվի Կրեմլում՝ բոլոր թեկնածուների, այդ թվում՝ Պուտինի մասնակցությամբ:

Կարծում եմ՝ նույնիսկ ա՛յդ դեպքում նշանակություն չի ունենա: Եթե հիշում եք, Հայաստանում 98 թվականի նախագահական ընտրություններից առաջ մի քանի թեկնածուներ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, նման մի համաձայնագիր էին ստորագրել: Սակայն դրան հետեւած ընտրությունները, իմ կարծիքով, ամենաանարդարն էին, քանի որ ակնհայտ էր, որ ընտրողների զգալի մեծամասնությունը ձայն տվեց Կարեն Դեմիրճյանին: (Ի դեպ, ես այդ մեծամասնության մեջ չէի՝ քվեարկել եմ բոլորին դեմ): Այնպես որ՝ ոչ քաղաքական գործչի խոսքը, ոչ էլ նրա ստորագրած թուղթը Հայաստանում կոպեկի արժեք չունեն: Եվ հետո՝ ինչո՞ւ պիտի ապօրինի առաջադրված, երկրում 10 տարի չբնակված մարդը պահպաներ ինչ-որ «ջենթլմենական» համաձայնություններ:

Այնպես որ՝ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում որեւէ կուսակցության մոտ գաղափար առաջանա նման համաձայնագրի վերաբերյալ, թող ժամանակ չկորցնեն՝ անիմաստ է: Երբ իշխանավորն ասում է, թե նա անցկացնելու  է ազատ եւ թափանցիկ ընտրություններ, ես նրան հավատում եմ ճիշտ նույնքան, որքան կհավատամ ընդդիմությանը համակրող պատանի «խունվեյբիններին», եթե նրանք խոստանան, որ փողոցում եւ մամուլով չեն հայհոյելու ու դատարկ տեղը ոստիկանության հետ կռիվներ չեն սարքելու:

Իսկ ի՞նչն է իմաստալից այդ դեպքում: Արդեն ասացի՝ միայն քաղաքացիական հասարակության ճնշումը՝ այնքանով, որքանով կա այդպիսի հասարակություն, որը խիստ տարբերվում է փողոցային «գավրոշներից»: Հենց այդ ճնշումը կօգնի խուսափել երկու՝ հավասարապես վտանգավոր ծայրահեղություններից՝ հեղափոխությունից եւ լճացումից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829