Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականների դիմումը ՀՀ քաղաքացիներին՝ մի վաճառեք ձեր ձայնը

Փետրվար 22,2012 12:35

Սիրելի հայրենակիցնե՛ր:

Մենք նորից համապետական ընտրությունների շեմին ենք և կրկին տագնապով են լցվում մեր հոգիները: Արդյոք կարո՞ղ ենք անկախությունից քսան տարի անց գոնե մեկ անգամ ազատ ընտրություն կատարել և ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

Ընդունելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության /ՀԴԿ/ առաջարկը, մենք` ներքոստորագրյալներս, որոշեցինք միասնաբար դիմել ձեզ, հարգելի հայրենակիցնե՛ր:

Մեր համոզմամբ առաջիկա ընտրությունները շրջադարձային են լինելու ժողովրդի, պետության համար: Կամ մենք փորձելու ենք նախադրյալներ ստեղծել նոր արդար կյանքով ապրելու, կամ…

Անկախության տարիներին մեր պետականության արատը ժողովրդի և իշխանությունների միջև գոյացած վիհն է, աղետալի սոցիալական բևեռացումը, որի պատճառը ժողովրդից կողոպտած հասարակության մի մասի հարստության ոչ լեգիտիմ լինելն է: Ժողովուրդին, ըստ էության, չգոհացրեցին իշխանությունների  քաղաքականության արդյունքները:

Հասարակական կյանքում աղավաղվել են բարոյական չափանիշները: Դիմախեղվել է մեր ազգային նկարագիրը, խաթարվել են հոգևոր արժեքները: Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը մինչ օրս իմիտացիոն բնույթ է կրում: Փաստացի, երկրում բացակայում է հասարակության վերահսկողությունը իշխանության թևերի նկատմամբ: Չի դադարում երկիրն արյունազրկող արտագաղթը:    Պահն է, որ մենք` ՀՀ քաղաքացիներս, մեզ վայել արժանապատվությամբ, թոթափենք վախի զգացումը, չենթարկվենք ճնշումներին ու ընտրակաշառքի, սուտ խոստումների գայթակղություններին, թույլ չտանք, որ փորձեն մեզ պարտադրել /լինի դա գյուղապետ, թաղապետ, մարզպետ, օլիգարխ, քրեածին որևէ տարր/, որ մեր ձայնը այս կամ այն կերպ վաճառվի:

Դուք պետք է հավատաք ձեր ուժերին:

Հանուն իրական բարեփոխումների, հանուն ձեր և ձեր երեխաների ապագայի,  ընտրությունը կատարեք ձեր կամքով և խղճի մտոք, գաղափարների և ծրագրերի, դրանք կրողների միջև, մասնագիտական բարձր որակավորում ունեցող, փորձառու ու բարձրաբարո քաղաքական այն ուժերի, այն գործիչների միջև, որոնք ձեր համոզմամբ ի զորու են ու պատրաստակամ արմատապես փոխելու իրավիճակը, ներկայացնելու ռազմավարական այն ծրագիրը, որի կենսագործումով Հայաստանը ձևավորվող աշխարհաքաղաքական նոր համակարգում կգտնի իր արժանի տեղը:

Հարգելի հայրենակիցնե՛ր: Ձեզանից վանեք ներշնչվող այն մտայնությունը, թե միևնույն է, ձեր ձայնից ոչինչ կախված չէ, որ իբր «վերևներից» ամեն ինչ կանխորոշել են և ոչինչ փոխել հնարավոր չէ: Հավատացեք, դա ձեզ հուսալքելու փորձված միջոց է:

Արդարության հաստատումը կախված է մեր հավաքական կամքից, «ԵՍ»-ից դեպի «ՄԵՆՔ»-ը գնալու վճռականությունից:

Այլևս հապաղել չի կարելի: Մեր երկիրը պետք է առաջատարների շարքում լինի:

Գտնում ենք, որ իշխանությունները, ՀՀ նախագահը, գիտակցելով պահի լրջությունը, կիսելով մեր մտահոգությունները, ընտրություններում մեր ժողովրդի կամարտահայտման համար կստեղծեն բոլոր պայմանները: Ընտրություններում հնի կրկնությունը, կեղծիքներով “հաղթելը”, կորստաբեր է և կործանարար:

Դիմելով Ձեզ, հարգելի ընտրող, հորդորում ենք` հետևել քարոզարշավին, համադրել ձեր պահանջները առաջարկողի բարոյական կերպարին` կայացնելու ինքնուրույն որոշում:

Ընտրեք, որ չպարտվեք: ԵՍ” ` “ՄԵՆՔ”-ենք: Իսկ ՄԵՆՔ” ` բացարձակ մեծամասնություն ենք:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՋԱԲԵԿՅԱՆ – ԳԱԱ ակադեմիկոս,

ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ –  ԳԱԱ ակադեմիկոս,

ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆ – ԳԱԱ ակադեմիկոս,

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ – Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ԷԼՄԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ – Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ – Գիտությունների վաստակավոր գործիչ, բժշկական գիտ. ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտ. ակադեմիայի ակադեմիկոս,

ԱՐԹՈՒՐ ԻՇԽԱՆՅԱՆ – ԳԱԱ թղթակից անդամ,

ՍՊԱՐՏԱԿ ՂԱՄԲԱՐՈՎ – Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՀՐԱՉՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ – Բեմադրիչ, ՀՀ վաստակավոր գործիչ,

ԺԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ – Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությունների նախագահ,

ՀԵՆՐԻԿ ԳԱՐՈՒԿՅԱՆ – Գեղանկարիչ,

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ – Մշակույթի հայկական հիմնադրամի նախագահ,

ԼԵՈՆԻԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ – Երկրաբանական գիտությունների դոկտոր,

ԲՈՐԻՍ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ – Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՎԻԼ ՊՈՂՈՍՅԱՆ – Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑ – Բժկական գիտությունների թեկնածու, քաղաքագետ,

ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ – Գրող, կինոսցենարիստ,

ԵՐՎԱՆԴ ՄԻՆԱՍՅԱՆ – Բժիշկ-սեքսապաթոլոգ,

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ – Լրագրող,

ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ – “Էկոնոմիկա” ամսագրի հիմնադիր-խմբագիր,

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ – Տնտեսագետ,

ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ – ԳԱԱ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,

ՎԱՀԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ – Երգահան,

ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆ – Հոգեբանական գիտությունների թեկնածու, ռեժիսոր,

ՎԻԿՏՈՐ ՍՈԼԱԽՅԱՆ – Ֆիզիկոս-տեսաբան, հրապարակախոս, “Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն” հ/կ փոխնախագահ,

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ – Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ՌԱՖԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆ – Դերասան,

ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ – Ճարտարագետ,

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – տնտեսագետ, հրապարակախոս,

ՍՈՒՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ – Քաղաքագետ-դիվանագետ,

ՍԵՐԺ ԼԵՎՈՆՅԱՆ – Մանկավարժ,

ԴՈՒՍՏՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ – Մաթեմատիկոս,

ԵԿԱՏԵՐԻՆԱ  ՍԻՄՈՆՅԱՆ – “Համագործակցություն” կանանց հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829