Փետրվարի 20 -ին, ապա եւ 21-ին հրավիրված էին Իջեւանի ավագանու արտահերթ նիստեր, որոնք սակայն չկայացան ավանդական դարձած պատճառով` քվորում չկար: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հարազատ եւ կողմնակից ավագանու 6 անդամները բացակայում էին նիստից: Քվորում ապհովելու համար անհրաժեշտ է, որ ավագանու 14 անդամից առնվազն 8-ը ներկայանան նիստի:
Հիշեցնենք, որ ավագանու անդամ Հովիկ Խեչյանը ամանորի շեմին ձերբակալվեց նախկինում կատարված խուլիգանության գործով:
Իջեւանը Տավուշի մարզի միակ համայնքն է, ուր հաստատված չէ բյուջեի նախահաշիվը: Հետաքրքիր է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի պահվածքը: Ցանկության դեպքում նա կարող է ապահովել ավագանու քվորում, քանի որ ավագանու նիստերին չմասնակցող Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն, Վարուժան Ներսիսյանի եղբայր Հրաչ Ներսիսյանը ի պաշտոնե մարզպետի ենթական է, մարզպետը նրա վրա ազդեցության լծակներ ունի: Ավագանու նիստերը բոյկոտող այլ անդամներ էլ կան, որ մարզպետի հետ սերտ կապեր ունեն: Ցանկության դեպքում մարզպետը կարող է միջնորդել, որպեսզի նախկինում չդատված, առողջական խնդիրներ ունեցող Հովիկ Խեչյանի խափանման միջոցը փոխվի: Սակայն մարզպետը չի խառնվում:
Միգուցե ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար մարզպետի չխառնվելու պատճառն ա՞յն է, որ անցյալ տարվա նոյեմբերի 13-ի Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ անդամ, 12 տարվա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվել է ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ