Հատված Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հետ հարցազրույցից
– Պարոն Դանիելյան, ավելի քան 10 օր է՝ Մաշտոցի այգում պայքար է ընթանում, խախտվում են մարդու իրավունքները, հանրային այգին բոլորի աչքի առաջ բուտիկների է վերածվում։ Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի այս որոշումը։
Կարդացեք նաև
– Եթե իշխանությունները սպանում են մարդկանց ու դրա համար չի մեղադրվում ոչ ոք, ինչպե՞ս կարելի է խոսել այգու մասին։ Դա նորմալ է այս իշխանությունների համար: Ես չեմ զարմանում։ Ես չեմ զարմանա, որ այստեղի ժողովրդին իրոք ոստիկանները քշեն, ծեծելով հանեն դուրս եւ այստեղ սարքեն այն, ինչ ուզում են։ Նրանք 10 հոգի մարդ են սպանել, ամեն ինչ այդտեղից է սկսվում: Սա շատ հեշտ ու թեթեւ բան է ինձ համար։ Ես չգիտեմ, թե այս պայքարի վերջն ինչ է լինելու, բայց ուրախ եմ, որ ունենք երիտասարդություն, որ պայքարում է եւ պատրաստ է պայքարել:
– Փաստորեն այս երկրում օլիգարխն այդքան հզո՞ր է, որ կարող է ցանկացած ժամանակ գրավել հանրային տարածքները, այգին շինհրապարակի վերածել:
– Այստեղ օլիգարխների հարցը չէ, այստեղ իշխանությունների ու կրիմինալի սերտաճման հարցն է: Կրիմինալն իշխանության համար տարին մեկ անում է լավություն, իշխանությունն էլ պարտավոր է այդ լավության տակից դուրս գալ, հո տակը չի՞ մնալու: Տակից դուրս գալն էլ սա է. ասում է՝ վերցրեք ինչ ուզում եք, ախպեր, դուք պրոբլեմ չունեք:
– Այսինքն՝ Դուք սա շնորհակալության դրսեւորումներից մե՞կն եք համարում:
– Այո, այո, շնորհակալության դրսեւորումներից մեկն է: Նույնն էլ բանակում է տեղի ունենում, երբ որ մարդիկ զոհվում են, ու ոչ ոք չի դատապարտվում: Նույն պատմությունն է: Պետությունը մեր մոտ կրիմինալա-զինվորա-ոստիկանական է:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայացք»