Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական պուրակի պատմությունը դաս չեղավ

Փետրվար 22,2012 11:17

Փորձեք օրվա տարբեր ժամերին անցնել ուսանողական պուրակի մոտով, ուր Աբովյան եւ Տերյան փողոցների կողմից դեռ նախանցյալ տարի նվաճողական արշավանք կատարեցին հայրենի որոշ փողատերեր` մշտապես կանաչ եւ երբեւէ անմխիթար վիճակում չեղած պուրակում գետնի տակ եւ գետնից բարձր հարկեր փորելով եւ սրճարաններ կառուցելով:
Իրենց կարճ խելքով, երիտասարդությամբ, ուսանողությամբ շրջապատված հատվածում շահավետ բիզնես պիտի անեին: Ավաղ, այսօր այդ սրճարանները օրվա բոլոր ժամերին դափ-դատարկ են` ի հեճուկս նրանց աչքածակ տերերի: Դարձյալ գործ ունեինք հանրային տարածքի հետ, ընդ որում, սրճարանատերերի վարձակալական պայմանագրերի ժամկետները լրացել էին:
Այն օրերի քաղաքապետը, որ կամուրջների բազրիքներն ու բանուկ մայրուղիների նեղլիկ ու երկարուկ գազոնները գույնզգույն ծաղիկներով էր զարդարում, պայմանագրերի ժամկետները ձեռաց երկարացրեց, իսկ բնապահպան Կարինե Դանիելյանին եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» շարժման ակտիվիստներին խոստացավ. «Քաղաքի կենտրոնում այլեւս ոչ մի կատլավան»…
Բայց հենց այդ օրերին էր, որ ամբողջ քաղաքով մեկ այգիներում կառուցապատումներ սկսվեցին. Ժամանակավոր, թեթեւ շինությունները վերածվեցին հիմնավոր, ծանր ու մեծ կառույցների` Օղակաձեւ զբոսայգում, օպերայի հարակից տարածքում, այլուր:
Ուսանողական պուրակի պատմությունը դաս չեղավ. Աբովյան փողոցի խանութների տերերը եկել են Գլխավոր հատակագծում որպես կանաչ տարածք ներկայացված, ցավոք, նախորդ տարիների ընթացքում կանաչազուրկ, անխնամ դարձած մեկ այլ հանրային տարածք եւ գիշերով են իրենց բուտիկներն ամրացնում հանրային այգում: Աբովյան փողոցից հետո Մաշտոցի պողոտային աչք տնկած աչքածակները մի՞թե չեն մտածում, որ այս դեպքում էլ կարող է գործել բումերանգի օրենքը. իրենց հագուստի խանութները կարող է մտնող չլինել:
Մաշտոցի պուրակում տեղակայվող բուտիկների տերերը այս օրերին պիտի կամովին հրաժարվեին իրենց հագուստի խանութները քաղաքի այդ հատվածում տեղադրելուց: Ի վերջո, նրանք տարիներ շարունակ շահագործել են հանրությանը պատկանող տարածքը, լուրջ եկամուտ են ստացել նույն այդ հանրային տարածքի հաշվին:

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829