Քանի որ տարբեր մտավորականների, քաղաքական եւ հասարակական գործիչների դիրքորոշումը «էլիտար կրպակների»՝ Մաշտոցի պուրակ տեղափոխվելու առնչությամբ հայտնի է բոլորիս, «Երկիր»-ը փորձեց նաեւ շարքային երեւանցիներից ճշտել, թե ինչ են մտածում այգու փաստացի ոչնչացման կապակցությամբ։
Աբովյան փողոցի բնակչուհի Լաուրա Գեւորգյանն, օրինակ, նշեց, թե իրեն անչափ ուրախացրել էր, որ իրենց փողոցից վերացան «հակագեղագիտական» կրպակնեըր, բայց այն, որ դրանք «հանգրվանելու են» Մարգարյանի ծննդատան առջեւ, իր համար անսպասելի է եղել։ «Մենք հազիվ պրծանք, հիմա իրանք են քաշվելու։ Նորածին երեխեքին մաքուր օդ է պետք, «բազար» պետք չի։ Ծննդկաններն էլ ստիպված են լինելու ստեղծված աղմուկը հանդուրժել»,- ասաց նա։
Փողոցում խոնավ անձեռոցիկներ վաճառող կնոջը հունից հանեց մեր հարցը. «էդ որ մենք փողոցում կանաչի ծախելով մի կերպ ապրում էինք ու արգելեցին, էդ ինչի՞ մեզ չտարան, ասեին էս այգում զոնտիկդ խփի, տակը ծախի կանաչիդ, էդ որ հազար հատ ուրիշ կրպակ հանեցին, խի՞ էդ մարդկանց վնասը չփոխհատուցեցին ու էդքան ընտանիք թողեցին առանց եկամուտի։ Հենց հերթը իրանց կոպակներին հասավ, միանգամից տարան ու Պրոսպեկտում տեղավորեցին։ Ստեղ են ասել՝ տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը»,- ասաց նա ու ձեռքը թափ տալով՝ հեռացավ։
Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչ՝ 73-ամյա Հովսեփ Սարիբեկյանին էլ մեր հարցը հիշեցրեց անցյալն ու անցյալում գործած սխալները. «է՜ բալա ջան, ես Մանումենտում եմ ապրում։ Ջահել ժամանակ, երբ էդ մեր այգու բարձունքից նայում էիր՝ Երեւանը կանաչի մեջ թաղված էիր տեսնում, մեր «Հաղթանակ» զբոսայգին, Նորքը, Կենտրոնը, կանաչի մեջ թաղված էին ուղղակի։ Հետո մութ եղավ, ցուրտ եղավ… տաքանալ էր պետք, ես էլ այ էս ձեռներովս երեք ծառ եմ կտրել։ Կտրածի տեղը վերականգնել էր պետք, բայց փոխարենը մի հատ տեսեք ինչ պալատներ կառուցեցին, ամեն մեկը իրա պարսպի ներսում մի երկու հատ եղեւնի ա տնկում ու պրծ, բա դա եղավ կանա՞չ։ Հիմա էլ տները կառուցել են, հերթը իրանց խանութներինն ա, զարմանալու բան չկա, բայց մի օր ժողովուրդը չի դիմանալու ու… պայթելու ա։ Էդ ժամանակ ոչ իրանց խանութներն են փրկելու իրանց, ոչ էլ «թուրքի տան» պատի նման պարիսպները»:
Կարդացեք նաև
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ
«Երկիր»